Խաչվող զուգահեռներ. Բակո Սահակյանի հաջորդ քայլը

Ինչպես հայտնի է, արդեն մի քանի օր է, ինչ լրատվական ողջ դաշտը հեղեղված է Արցախին վերաբերող լուրերով ու վերլուծականներով. հայկական երկրորդ պետությունը հայտնվել է հայաստանյան մամուլի ուշադրության ամենակենտրոնում. Արցախում արդեն մի քանի օր է՝ իշխող համակարգի դեմ հետզհետե համահասարակական բունտ է հասունանում, ու արցախցիները հետզհետե սկսում են բարձրացնել հարցեր, որոնք որևիցե կերպ չեն կարող հաճելի լինել Բակո Սահակյանի գլխավորած համակարգի ականջին: Հիշեցնենք՝ Ացախում աննախադեպ պրոցեսի սկզբնավորման առիթ էր դարձել հունիսի 1-ի միջադեպը։ Ոստիկանությունում ստացված ահազանգի համաձայն՝ երեկոյան Բաղրամյան փողոցի թիվ 2 բ շենքի դիմաց վիճաբանություն եւ ծեծկռտուք է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջև։ Ոստիկանության օպերատիվ խմբի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, ծեծկռտուքին մասնակցելու կասկածանքով, ոստիկանության քաղաքային վարչություն էին բերման ենթարկվել 15 քաղաքացիներ, այդ թվում ԼՂՀ ԱԱԾ աշխատակիցներ։  ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ծանրացնող հանգամանքներում խուլիգանության հանցակազմով (ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետեր), և քրեական գործի շրջանակներում արդեն իսկ առկա են ձերբակալվածներ: Կարող է հարց առաջանալ՝ ի՞նչ կապ կարող է լինել առաջին հայացքից կենցաղային միջադեպ հիշեցնող այս  դեպքերի և շատ ավելի գլոբալ մասշատբներ ու խնդիրներ ընդգկող հարցերի միջև: Վերջիվերջո ինչո՞ւ են մարդիկ դուրս եկել փողոց, փակել այն ու պահանջում Արցախի ոստիկանության ղեկավարի ու ԱԱԾ պետի հրաժարականները: Իրականում այժմ Արցախում այն նույն իրավիճակն է, ինչ նախահեղափոխական Հայաստանում, և սխալ է կարծելը, թե մի կաթիլ մեղրի հայտնի պատմությունն է կրկնվում: Բնավ ո՛չ: Կատարվածն այն վերջին կաթիլն է, որն այլևս ծրպեծիրպ լցնում է հասարակության համբերության բաժակն ու իշխանություններին կանգնեցնում փաստի առաջ: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում  հասարակությունն ունի արդարության անհագ ծարավ, օրենքի գերակայության խնդիր և վերջապես իշխանություններին վստահել-չվստահելու առկախված հարց: Անվիճելի է, որ Բակո Սահակյանն ու նրա անմիջական հովանավորության տակ գտնվող ոստիկանությունն, ԱԱԾ-ն պատշաճ ադեկվատություն չեն ցուցաբերել այն մոխրագույն իրականությանը, որ շատ առումներով հենց Արցախի ներկա իշխանությունների մեղքով է հստատվել մի երկրում, որի անվտանգությունն ուղղակի կենսական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար: Այս իմաստով բնավ չափազանցություն չի լինի ասելը, որ Բակո Սահակյանն ու իր վստահելի կադրերը սեփական քաղաքականությամբ հարվածի տակ են դրել անմիջականորեն Հայաստանի անվտագությունը. չի կարելի ստեղծել այնպիսի վատառողջ մթնոլորտ, երբ ծեծկռտուքը դառնում է այն կայծը, որից բռնկվում է համահասարակական  անհնազանդությունը, որ միգուցե առայժմ այնքան էլ մասշտաբային չէ: Ու չնայած Նիկոլ Փաշինյանի համապատասխան կոչը՝ բողոքավորներին  տեղ է հասել, ու ալիքը թուլանում է, սակայն դա բոլորովին չի նշանակում, որ Սահակյանն ու իր մերձավորները պետք է  թուլանան ու կյանքից հաճույք ստանան՝ կարծելով, թե իբր վտանգը հաղթահարված է. նրանք պետք է լրջագույն հետևություններ անեն ու ինչ-որ բան պլանավորելիս հաշվի առնեն, թե որ երկրի ղեկավարներն են: Մեկ ելք կա այս  վտանգավոր իրավիճակից. կա՛մ Բակո Սահակյանի անմիջական մասնակցության, կա՛մ առանց դրա Արցախում պետք է հաստատվի արդարություն, ուժային կառույցները պետք է զբաղվեն ոչ թե ընդդիմադիրներ ճնշելով կամ մարդ ծեծելով, այլ օրենքի թիվ մեկ երաշխավորները դառնան, ժողովրդավարական փոփոխությունների անմիջական մասնակիցներն ու գարանտը: Մի երկրում, ուր կտրված է հասարակության ու իշխանությունների միջև բնական կապն, այնտեղ չի կարող լինել կառուցողական մթնոլորտ, պետությունը չի կարող բնականոն զարգացում ապրել. ուժային կառույցները, որոնց ղեկավարների դեմ է նաև ուղղված բողոքը, պետք է զբաղվեն ոչ թե Բակո Սահակյանի քաղաքական դիրքերի ամրապնդմամբ, այլ համապատասխան գործելաոճով հասարակության շրջանում նպաստեն Արցախի պետության նկատմամբ նրա բնակչության ունեցած վստահության ու հավատի ամրապնդմանը՝ զերծ պահելու հայկական երկրորդ պետությունը բոլորիս համար կործանարար ցնցումներից: Norlur.am      
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.