fbpx
/// Անդրկովկասը վտանգված է…

Անդրկովկասը վտանգված է…

Իրանի աշխարհացունց ահաբեկչությունների վերաբերյալ, թերևս, շարունակում են հնչել հաճախ իրարամերժ կարծիքներ. ոմանք կոչ են անում գույները շատ չխտացնել, ոմանք էլ այս ամենում, իրոք, չարագույժ ինչ-որ բան են տեսնում` համարելով տեղի ունեցածը վտանգավոր գործընթացի սկիզբ: Անկախ այն բանից, թե ով ինչ է մտածում տեղի ունեցածի կապակցությամբ, անկակած է, որ հարևան երկրի ալեկոծումը չի կարող դրական ազդեցություն ունենալ Հայաստանի վրա, և, ընդհանրապես, մեզ այսօր անհրաժեշտ է հզոր Իրան`պայմանավորված այդ երկրի`Անդրկովկասում ունեցած ստաբիլիզացնող դերակատարմամբ:

Չնայած քչերն են տեղի ունեցածում Հայաստանի համար իրական ու շոշափելի վտանգ տեսնում` համարելով  վերջին իրադարձությունները սովորական մերձավորարևելյան խժդժություն, սակայն  կասկած լինել չի կարող այն բանում, որ   Անդկովկասի վրա նույնպես այս ամենը կարող է հետք թողնել`դառնալով յուրատեսակ ստիմուլ վառոդով լի տակառի պայթեցման:

Արդեն հայտնի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսի 10-ին ժամանելու են Հայաստան: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ  Մարիա Զախարովան: «Համանախագահների Երևան այցի ընթացքում նախատեսվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման արդիական հարցերի քննարկում, այդ թվում վերջերս՝ ապրիլի 28-ին Մոսկվայում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման արդյունքների վերաբերյալ», – հայտարարել է Զախարովան: Հայտնի է նաև, որ տարածաշրջան այցի շրջանակներում համանախագահները այցելելու են նաև Ստեփանակերտ և Բաքու:

Սրան զուգահեռ Թուրքիայի նախագահ Էրդողանն է հանդես եկել հայտարարությամբ, թե ԵԱՀԿ Մինսկի խումբն այդպես էլ չկարողացավ լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը`ընդգծելով, որ հակամարտության գոյության ամբողջ ընթացքում ԵԱՀԿ ՄԽ գործունեությունն իրեն չի արդարացրել, և այն կարելի է անարդյունավետ համարել:

Հարց է առաջանում`արդյոք արցախյան խնդրի շուրջ կրկին եռացող կրքերն ու Մերձավոր Արևելքում  օրերս ծավալված միջադեպերն ունե՞ն միմյանց միջև, կապ կամ արդյոք ՌԴ ակտիվացումը չի՞ նշանակում, որ Մոսկվան այստեղ վտանգ է տեսնում պատերազմի վերաբռնկման: Անկասկած է, որ Էրդողանի հայտարարությունն ամենևին էլ լավ բան չի հուշում, ու այդ հայտարարությունն, ըստ էության, թե՛ հակահայկական է, թե՛ հակառուսական. չմոռանանք, որ հենց ՌԴ-ն է  ամենաշահագրգիռ կողմը Մինսկի խմբի պահպանման, որն, ըստ էության, հանդես է  գալիս Մոսկվայի համար որպես գործիք` ԼՂ հակամարտությունը կառավարելի դարձնելու ու վերահսկելու հակամարտող կողմերին:

Իհարկե, դժվար է պնդել, թե մեկ-երկու ահաբեկչություն կազմակերպելով Իրանում` հնարավոր կլինի այդ երկիրը գցել ներքին ցնցումների հորձանուտ, սակայն այն, որ Անդրկովկասում խաղաղության պահպանման համար կայուն Իրանը չափազանց մեծ դեր ունի, անկասկած է: Հետևաբար` ակնհատ է, որ ապակայունություն սերմանելով Իրանում`  համապատասխան ուժերը կարող են և հետզհետե ապակայությության որոմը տարածել նաև փխրուն Անդրկովկասում, ու պայթացնել ՌԴ հարավային սահմանները`այդ թվում և գործի դնելով ԻԼԻՊ-ին, որի ստեղծման բուն նպատակը նաև ՌԴ-ին հարված հասցնելն է: Հուսանք`իրավիճակը դուրս չի գա վերահսկողությունից:

 

 

 

 

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-06-08T21:48:01+00:00 Հունիսի 8 21:48|Վերլուծություն|Մեկնաբանությունները կասեցված են Անդրկովկասը վտանգված է…-ում
//
//