AstraZeneca-ն ամբողջ աշխարհում դադարեցնում է Covid-ի դեմ պատվաստանյութի կիրառումը

Բրիտանական Օքսֆորդի համալսարանի և բրիտանաշվեդական AstraZeneca ընկերության՝ Covid-ի դեմ համատեղ մշակված պատվաստանյութը՝ Vaxzevria-ն, հանվում է օգտագործումից ամբողջ աշխարհում. սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ դեղագործական ոլորտի հսկան առաջին անգամ դատական փաստաթղթերում խոստովանել է, որ իր պատվաստանյութը կարող է առաջացնել հազվագյուտ և վտանգավոր կողմնակի ազդեցություն: Խոսքն արյան մակարդուկների առաջացման և արյան թրոմբոցիտների քանակի նվազման մասին է, գրում է telegraph.co.uk-ը:

Պատվաստանյութն այլևս չի կարող օգտագործվել Եվրամիությունում այն բանից հետո, երբ ընկերությունը կամավոր հետ է կանչել իր «շուկայավարման թույլտվությունը»: Պատվաստանյութը հանելու մասին դիմումը տրվել է մարտի 5-ին և ուժի մեջ է մտել երեքշաբթի։

Նմանատիպ դիմումներ կներկայացվեն առաջիկա ամիսներին Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում, որոնք հաստատել էին պատվաստանյութը, որը Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ Բորիս Ջոնսոնը որակել էր «բրիտանական գիտության հաղթանակ» և որին վերագրել էր ավելի քան վեց միլիոն կյանքի փրկությունը:

AstraZeneca-ն մանրամասնել է, որ պատվաստանյութը շուկաներից հանվում է կոմերցիոն պատճառներով: Նշվել է, որ պատվաստանյութն այլևս չի արտադրվում և չի մատակարարվում, քանի որ փոխարինվել է նորացված պատվաստանյութերով, որոնք վերաբերում են կորոնավիրուսի նոր տարբերակներին:

Vaxzevria-ն վերջին ամիսներին ենթարկվել է ինտենսիվ քննության՝ կապված շատ հազվադեպ կողմնակի ազդեցության հետ, որն առաջացնում է արյան մակարդուկներ և արյան թրոմբոցիտների քանակի նվազում: AstraZeneca-ն փետրվարին Գերագույն դատարան ներկայացրած դատական փաստաթղթերում ընդունել է, որ պատվաստանյութը շատ հազվադեպ դեպքերում կարող է առաջացնել նման կողմնակի հետևանքներ: Բայց AstraZeneca-ն պնդել է, որ պատվաստանյութը շուկայից հանելու որոշումը կապված չէ դատական գործի և կողմնակի ազդեցության առաջացման վերաբերյալ իր խոստովանության հետ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.