Մեր ռազմավարական պատկերացումներով ընդունելության քննություններ պետք է ընդհանրապես չլինե՞ն. Փաշինյանը՝ ԿԳՄՍ նախարարին

Այս նախագծով առաջարկում ենք վերանայել բուհերում ընդունելության գործող կարգը, որը պայմանավորված է ընդունելության սկզբունքների վերանայման, նոր մեխանիզմների մշակման և դրանց ներդրման ռազմավարական նպատակներով: Տավուշի մարզի դպրոցների բոլոր շրջանավարտները, ինչպես և բոլոր մյուս շրջանավարտները, ունեն երկու հնարավորություն միասնական քննություններ հանձնելու և կստեղծվի նրանց համար երրորդ հնարավորություն հուլիսի սկզբին:

 

Այս մասին ՀՀ Կառավարության նիստի ժամանակ հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի ու անընդ-հատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 686-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»- օրենքի նախագծում փոփոխություն կատարելու նախագիծը:

 

«Մենք պլանավորում ենք այս տարի նոր ձևաչափով քննությունների հանձնումը, ամբողջությամբ նոր թեստեր են մշակված: Մենք շտեմարանների միջոցով արմատավորում ենք անգիր անելու երևույթը, վարժեցվելու հմտությունները և ոչ թե սովորելու»,- նշեց նախարարը:

 

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց. «Ինչպե՞ս ենք ապահովելու, որ համոզվենք, որ քննության գնահատականը արտահայտելու է օբյեկտիվ պատկերը, որտեղ են հանձնելու, ով է վերահսկելու, պատասխանները մարդն է հաշվելու թե՞ համակարգիչը»:

«Թեստերի ստուգումն իրականացվում է ինքնաշխատ եղանակով, այսինքն մարդկային գործոնը բացառված է, կազմակերպվում է ԳԹԿ-ի կողմից ուսումնական հաստատություններում: Փորձարկելով մոտեցումը Տավուշի մարզում հնարավորություն կունենանք հասկանալու՝ ինչ խնդիրներ են առաջանում: Պետք է գնանք դեպի համակարգչային ձևաչափ, այլ ոչ թղթային: Մեր պատկերացումն է, որ քննությունների թիվը պետք է նվազեցնենք, պետք է ունենանք շատ քիչ արտաքին գնահատման արդյունքներ»,- պատասխանեց Անդրեասյանը:

Փաշինյանն արձագանքեց. «Այսինքն մեր ռազմավարական պատկերացումներով ընդունելության քննություններ պետք է ընդհանրապես չլինե՞ն»:

Անդրեասյանը պատասխանեց, որ կամաց-կամաց պետք է գնալ այն մոտեցմանը, որ բուհերը սահմանեն ընդունելության նվազագույն պահանջներ և դիմորդները բավարարեն դրանք:

«Ամեն օր մենք գիտենք Հանրապետությունում միջին գնահատականը, վերլուծությունների հիմքեր է տալիս: Ասենք՝  Նոր Տարուց առաջ գնահատականները լավանում են, թե՞ վատանում և այսպես շարունակ: Կառավարության համար էլ տարեկան միջին գնահատականն էլ կարող է շատ լավ ազդակ տալ»,- նշեց Փաշինյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.