«Ժողովուրդ». Սեփական տանը սպանվել է հայրը, դատապարտվում են որդիները․ Քանաքեռի աղմկահարույց գործի վճռի հետքերով

Դատարան08:56 | նոյեմբերի 10, 2026«Ժողովուրդ». Սեփական տանը սպանվել է հայրը, դատապարտվում են որդիները․ Քանաքեռի աղմկահարույց գործի վճռի հետքերով
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 11-ին լրանում է Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած աղմկահարույց սպանության 5-րդ տարին․ 2021 թ․-ի փետրվարի 11-ի գիշերը՝ 02։00-ի սահմաններում, սեփական տան տարածքում, այնտեղ ներխուժած անձանց կողմից արձակված կրակոցից սպանվեց ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը, պատասխան կրակոցից՝ քրեական ենթամշակույթի ներկայացուցիչ, Քանաքեռցի «Տույ» մականունով հայտնի Արթուր Ղազարյանը։ 2026 թ․-ի հոկտեմբերին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, Արտուշ Սիմոնյանի որդիներին և Արսեն Ալեքսանյանին դատապարտեց ազատազրկման՝ 8 տարի 6 ամիս ժամկետով։
Ու սա՝ չնայած այն փաստին, որ աղմկահարույց գործի դատավարության ընթացքում Սիմոնյանների պաշտպանների կողմից ներկայացված փաստերը ցույց են տալիս, որ ողբերգական պատմությունը սկսվել է Արթուր Ղազարյանի՝ «Քանաքեռցի Տույի» ու նրան ուղեկցող անձանց կողմից Սիմոնյանների տուն գիշերային զինված ներխուժմամբ (տեսանյութը լայնորեն տարածվել է)։
Պաշտպանական կողմը պնդում է, որ Սիմոնյանների տուն մտած անձինք եկել էին գումար շորթելու նպատակով, ինչը հաստատվում է դատաքննության ընթացքում։ Առաջինը կրակել է Արթուր Ղազարյանը (Տույ), որի կրակոցից սպանվել է ընտանիքի հայրը՝ ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը, իսկ պատասխան կրակոցներից սպանվել է նաև Ղազարյանը։ Մինչդեռ 5 տարի շարունակ խոսվել է միայն «Տույ»-ի սպանության մասին ու կարծես թե ստվերվել է մարդկանց տուն ներխուժելու, Սիմոնյանների տանը կանանց և երեխաների ներկա գտնվելու, վերջիններից գումար շորթելու մտադրություն ունենալու և մի շարք այլ փաստերը։
Շուրջ 5 տարի անց՝ 2026 թվականի հոկտեմբերի 19-ին, Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, հիմնական գործով ամբաստանյալներին, այդ թվում՝ սպանված Արտուշ Սիմոնյանի երեք որդիներին՝ Վլադիմիրին, Հովհաննեսին և Հակոբին, մեղավոր է ճանաչել և դատապարտել 8 տարի 6 ամիս ազատազրկման։ Պաշտպանները բողոքարկել են դատավճիռը՝ պնդելով, որ եղբայրները կրակել են ինքնապաշտպանության նպատակով։
Հարսանիքից օրեր առաջ՝ յոթ զինված անձ տուն են մտել․
Արտուշ Սիմոնյանը սպանվել է որդու՝ Հովհաննեսի հարսանիքից օրեր առաջ։ Դեպքի հաջորդ օրը պետք է կայանար նաև Հովհաննեսի քրոջ հարսանիքը։ Ընտանիքը, պաշտպանների խոսքով, Հայաստան էր ժամանել դեպքից ընդամենը մեկ օր առաջ։
Մինչդեռ մեղադրանքի կողմը պնդում է, որ Սիմոնյանները նախապես ծրագրել էին սպանությունը և յոթ անձանց իրենց տան բակ էին կանչել։ Սակայն պաշտպանները դատարանում վկայակոչել են Վլադիմիր Սիմոնյանի հեռախոսի զննության տվյալները՝ ըստ որոնց՝ առաջինը զանգել են հենց տուն եկած անձինք։ Սիմոնյանները մի քանի անգամ խնդրել են չգալ և առաջարկել հանդիպել մեկ այլ օր։ Այդուհանդերձ, գիշերվա ժամը երկուսի սահմաններում յոթ անձ գնացել է Սիմոնյանների տուն։
Դատարան ներկայացված տվյալներով՝ եկածների թվում եղել են նախկինում դատապարտված անձինք, որոնք իրենց հետ ունեցել են հրազեն ու դանակներ։ Նրանք փորձել են Վլադիմիր Սիմոնյանին տանից դուրս բերել, իսկ նրա մերժումից հետո Ղազարյանը կրակ է բացել և մյուսներին էլ հորդորել կրակել։
Սպանության գործով՝ ամբաստանյալ, շորթման գործով՝ տուժող․
Ի դեպ՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նույն դեպքի առնչությամբ հարուցված է նաև շորթման առանձին վարույթ, որտեղ Վլադիմիր Սիմոնյանը տուժող է ճանաչվել։ Պաշտպանական կողմի ներկայացմամբ՝ դատախազությունն այդ գործով Արթուր Ղազարյանին և Արթուր Բորյանին վերագրել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունենալն ու Սիմոնյանների ընտանիքից գումար շորթելը։ Պաշտպանները վկայակոչում են այդ վարույթում ձեռք բերված հեռախոսային կապի տվյալներն ու վկաների ցուցմունքները՝ հիմնավորելու գիշերային այցի իրենց ներկայացրած շարժառիթը։
Ի՞նչ մնաց չպարզված հինգ տարվա ընթացքում․
Ըստ պաշտպանների՝ մեղադրանքի կողմի տուժողները դատական նիստերին չեն ներկայացել և չեն պատասխանել իրենց հարցերին։ Իսկ դեպքի վայրի զննության արձանագրությունը ստորագրած ընթերակաները դատարանում հայտարարել են, որ զննությանը չեն մասնակցել և ստորագրել են ավելի ուշ։ Պաշտպանները նաև պնդում են, որ կրակոցներից հետո դեպքի վայրում շուրջ 60–70 մարդ է եղել, և նրանցից ոմանք վերացրել են հետքերը։ Սակայն դատարանը դեպքը պատկերող տեսագրություններն է ճանաչել անթույլատրելի ապացույց, ոչ թե զննության արձանագրությունը, ինչը ևս, մեղմ ասած, իրավական հարցեր է առաջացնում։
Պաշտպանական կողմը բաց է համարում նաև պարգևատրված զենքի հարցը։ Ոստիկանության՝ գործին կցված փաստաթղթի համաձայն՝ Արթուր Ղազարյանը հաշվառված է եղել որպես քրեական հեղինակություն, ով առաջին կրակոցները արձակել է իրեն պարգևատրած օրինական ատրճանակից։ Թե ինչ հիմքով է քրեական աշխարհի ներկայացուցիչը զենքով պարգևատրվել, քննությամբ չի պարզվել։
Պաշտպանության համար բողոքարկման առանցքում կրակոցների հաջորդականությունն է։ Եթե առաջինը կրակել է Ղազարյանը և սպանել Արտուշ Սիմոնյանին, ինչպես պնդում են պաշտպանները, ի՞նչ հիմքով է դատարանը որդիների գործողությունները գնահատել որպես նախապես ծրագրված սպանություն։
Ստացվում է, որ եթե քաղաքացու տուն գիշերով ներխուժում մեկից ավելի զինված մարդիկ, ովքեր ՆԳՆ-ում գրանցված են որպես քրեական ենթամշակույթ կրող անձինք, կրակում ընտանիքի հոր վրա, իսկ տանը նաև անչափահասներ ու կանայք են, ապա քաղաքացին ինքնապաշտպանվելու իրավունք չունի։
Դատական այս նախադեպը վտանգավոր է թվում»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Թեմա
ԴատարանՀանցագործությունՄամուլի տեսություն
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
