Զելենսկի․ Ուկրաինային երկնքում 2,5 անգամ ավելի շատ F-16 կործանիչներ են անհրաժեշտ

Պաշտպանություն18:50 | նոյեմբերի 14, 2026Զելենսկի․ Ուկրաինային երկնքում 2,5 անգամ ավելի շատ F-16 կործանիչներ են անհրաժեշտ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ուկրաինան պետք է 2,5 անգամ ավելացնի միաժամանակ օդում գտնվող F-16 կործանիչների թիվը, քանի որ առկա ինքնաթիռների մի մասը պարբերաբար նորոգվում և արդիականացվում է, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդել է «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալության թղթակիցը։
«Այսօրվա դրությամբ մեզ անհրաժեշտ է, որ երկնքում միաժամանակ երկուսուկես անգամ ավելի շատ ինքնաթիռ լինի, քան այժմ օգտագործում ենք։ Այսինքն՝ թղթի վրա այդ ամենն ունենք, բայց դրանք մշտապես նորոգվում են, քանի որ F-16-երը նոր չեն։ Այս հարցի շուրջ պետք է աշխատել նաև ամերիկացիների հետ․ մենք դրանով զբաղվում ենք», — լրագրողներին ասել է Զելենսկին։
Նախագահը նաև հայտնել է, որ մտադիր է հեռավար միանալ Ուկրաինայի ռազմական օգնության հարցերով կոնտակտային խմբի՝ «Ռամշտայն» ձևաչափով նիստին, որը պետք է կայանա հաջորդ շաբաթ։ Նրա խոսքով՝ Կիևն ակնկալում է, որ գործընկերները կտրամադրեն օգնության փաթեթներ՝ ներառելով բոլոր անհրաժեշտ միջոցները։
Զելենսկին պատմել է, որ Ուկրաինայի բարեկամների խմբի բազմակողմ հանդիպման ընթացքում Կիևը ներկայացրել է PAC-2 և PAC-3 հրթիռների իր կարիքները, որոնք կան եվրոպական զինանոցներում։ Ուկրաինան գործընկերներին խնդրել է դիտարկել այդ պաշարների որոշակի մասը հատկացնելու հնարավորությունը։
«Սա բարդ հարց է։ Մենք նրանց շատ ենք խնդրում այդ մասին։ Շատ ենք խնդրում նաև F-16 ինքնաթիռներ։ Օգտագործման սահմանափակումներ կան, քանի որ ինքնաթիռները նոր չեն», — նշել է նախագահը։
Բացի այդ, Ուկրաինան գործընկերներին է փոխանցել քաղաքներին, հատկապես Կիևին, Դնեպրին, Խարկովին, Խերսոնին և Զապորոժիեին անհրաժեշտ էներգետիկ օգնության ցանկը։
Զելենսկու խոսքով՝ նախարարների կաբինետը ձմեռային աջակցության հատուկ ծրագրեր է պատրաստել։ Դրանք նախատեսում են դիզելային վառելիքի և բենզինի մատակարարումներ, դիզելային գեներատորներով ապահովում, ինչպես նաև ավտոբուսների տրամադրում։
«Եթե ստիպված լինենք կրճատել էլեկտրատրանսպորտի օգտագործումը, ապա վառելիքի որոշակի ծավալ և որոշակի թվով ավտոբուսներ կպահանջվեն։ Անհրաժեշտ բաները շատ են, ուստի առանց գործընկերների դժվար կլինի», — հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Կիևն ակնկալում է, որ այս կարիքներն այս կամ այն ձևով կբավարարվեն «Ռամշտայնի» նիստի և նոյեմբերի 19-ին Բեռլինում նախատեսված «Ցանկացողների կոալիցիայի» հանդիպման արդյունքներով։
Հասանելի է
Թեմա
ՊաշտպանությունՔաղաքականություն
Օբյեկտ
Տեղադրություն
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
