Զախարովան Փաշինյանի այսօրվա հայտարարությունների մասին

Տեսանյութեր19:29 | նոյեմբերի 5, 2026Զախարովան Փաշինյանի այսօրվա հայտարարությունների մասին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
«Իհարկե, մենք լսել ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանի հերթական բառախաղերը, ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության մասին հերթական հորինվածքները։ Ոչ մի նոր բան»։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Այսպես նա պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարության մասին հարցին՝ կապված ՀԱՊԿ-ի առնչությամբ երկրի որևէ շահի բացակայության, ինչպես նաև ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հետևանքների վերաբերյալ զեկույցին Երևանի արձագանքի հետ։
«Գուցե կան ինչ-որ նոր դարձվածքներ, բայց կրկին դեմագոգիկ ձևակերպումներ են, սեփական բնակչությանը՝ Հայաստանի բնակչությանը մոլորության մեջ գցել, և ոչ մի կոնկրետություն», — հայտարարել է Զախարովան։
Նրա խոսքով՝ թեև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարների՝ 2026 թվականի մայիսի 29-ի հայտարարության մեջ «հարցերը միանգամայն հստակ էին դրված, ցավոք, դրանց պատասխաններն այդպես էլ չենք ստացել»։
«Մեզ համար նախկինի պես անհասկանալի է պաշտոնական Երևանի մտքի ընթացքը։ Չէ՞ որ նույնիսկ ամենասովորական կենցաղային տրամաբանությունը հուշում է, որ նախ պետք է հարցնել սեփական բնակչության կարծիքը, ապա ինչ-որ քայլեր ձեռնարկել, այլ ոչ թե հակառակը։
Կազմակերպության անդամներից մեկի նկատմամբ սահմանափակող միջոցների կիրառումը լիովին Հավաքական անվտանգության խորհրդի իրավասության ներքո է։ ՀԱՊԿ-ի հիմնարար փաստաթղթերով կանոնակարգված համապատասխան ընթացակարգերը կարող են գործարկվել, օրինակ, պետության կողմից իր պարտավորությունները, այդ թվում՝ ֆինանսական, չկատարելու դեպքում։ Մինչդեռ Հայաստանը, հիշեցնեմ, արդեն գրեթե երեք տարի է՝ չի փոխանցում իր անդամավճարները այս միավորման բյուջե։ Կարծում եմ՝ այժմ իմաստ չունի կանխորոշել կազմակերպության մոսկովյան գագաթնաժողովում քննարկումների բովանդակությունը։ Չեմ բացառում, որ այդ հարցն այնտեղ առարկայական քննարկման առարկա կդառնա։ Բայց ամեն դեպքում Երևանը պահպանում է ՀԱՊԿ-ում լիարժեք մասնակցությանը վերադառնալու հնարավորությունը։ Միաժամանակ ոչ ոք մտադիր չէ գործընկերներին բռնի ուժով պահել կազմակերպությունում։ Հայաստանն իրավունք ունի գործարկել կանոնադրությամբ նախատեսված ընթացակարգերը և դուրս գալ միավորումից՝ համապատասխան կերպով կարգավորելով առկա պարտավորությունները։ Իսկ ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցությանը, ապա եվրասիական ինտեգրման ուղղությամբ Երևանի նման՝ իրականում ոչ գործընկերային վարքագիծը, հաշվի առնելով եվրաինտեգրման ձգտումները, մենք արդեն բազմիցս մեկնաբանել ենք բոլոր մակարդակներում։ Եվ, ցավոք, Հայաստանի ներկայիս իշխանությունների քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել՝ չնայած շարունակվող այս ինչ-որ բառային հնարանքներին», — ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
«Ինչ վերաբերում է Երևանի վարած ուղեգծի հնարավոր հետևանքներին, ապա մենք սովոր չենք դատողություններ անել «Եկեք գուշակենք», «Իսկ ի՞նչ կլինի, եթե» կատեգորիաներով։ Սա իսկապես գուշակության հարց չէ։ Սա, ինձ թվում է, իսկապես վերլուծության հարց է, իսկ այն հուշում է հետևյալը. Հարավային Կովկասում անվտանգության այլընտրանքային ճարտարապետության ձևավորման հեռանկար չի նշմարվում։ Արևմտյան երկրները, արևմտյան դաշինքները, որոնք ամեն կերպ փորձում են տարածաշրջան խցկվել ռազմական շինարարության և կառավարման իրենց չափանիշներով, պարզապես չեն կարողանա ապահովել դրա կայունությունը։ Եվ մտադիր էլ չեն։ Այդ թվում՝ ակնհայտ աշխարհագրական պատճառներով, բացի այդ՝ նրանց քաղաքական նպատակներն ու խնդիրները լիովին հակառակ են։ Այնպես որ, գործոնների ամբողջությունը հաշվի առնելով, կարելի է ասել՝ նրանք այդ անվտանգությունը չեն ապահովելու։
Կարծում եմ՝ Երևանը ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ իր դիրքորոշումը հիմնավորելու ևս մեկ հնարավորություն կունենա արդեն մոտ ժամանակներս՝ նոյեմբերի 9-ին Մոսկվայում ԱՊՀ անվտանգության խորհուրդների քարտուղարների 14-րդ հանդիպմանը Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի մասնակցության շրջանակում։ Կարծում եմ՝ հենց այնտեղ էլ շատ բան պետք է պարզ դառնա», — եզրափակել է Զախարովան։
Հասանելի է
Թեմա
Աղբյուրը՝ NEWS.am
