Ընդդիմության առաջնորդը Նեթանյահուին մեղադրել է Իսրայելի ընտրությունների նկատմամբ վստահությունը խաթարելու փորձի մեջ

Բենիամին Նեթանյահու17:33 | հոկտեմբերի 29, 2026Ընդդիմության առաջնորդը Նեթանյահուին մեղադրել է Իսրայելի ընտրությունների նկատմամբ վստահությունը խաթարելու փորձի մեջ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի Էյզենկոտը Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին մեղադրել է ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը խաթարելու և ընտրությունների արդյունքների հրապարակումը հետաձգելու փորձի մեջ, հայտնում է The Times of Israel-ը։
Նա նաև կոչ է արել «Կատարգեյթ» անունով հայտնի գործի շարունակվող քննության շրջանակներում հետաքննել Կատարի հետ վարչապետի մերձավոր օգնականների ենթադրյալ կապերը։
«Շնորհավորում եմ Նեթանյահուին այն կապակցությամբ, որ նա վերջապես դատապարտեց Կատարի միջամտությունը Իսրայել Պետության գործերին», — հեգնանքով հայտարարել է Էյզենկոտը։ Նրա խոսքերը վերաբերում են այն քննությանը, որի շրջանակում կառավարության ղեկավարի նախկին խորհրդականներ Իսրայել Էյնհորնը և Յոնաթան Ուրիխը կասկածվում են վարչապետի գրասենյակում պաշտոնավարման ընթացքում Կատարի շահերից բխող հանրային կապերի աշխատանք կատարելու մեջ։
«Իսրայելի գործերին օտարերկրյա միջամտությունն անթույլատրելի է և չափազանց լուրջ խնդիր է, հատկապես երբ խոսքը մի երկրի մասին է, որը ֆինանսավորում և աջակցում է ՀԱՄԱՍ կազմակերպությանը», — ընդգծել է Էյզենկոտը։ Նրա խոսքով՝ նման միջամտությունը հավասարապես վտանգավոր է թե՛ կառավարության ղեկավարի գրասենյակում, թե՛ ընտրական համակարգում։
Էյզենկոտը հայտարարել է, որ Նեթանյահուն սովոր է տեղի ունեցողին արձագանքել «ստի, տեղեկատվության մանիպուլյացիայի և քաոս սերմանելու» միջոցով։ Նա նաև վարչապետին մեղադրել է հանրային կարծիքի վրա ապօրինի ազդեցություն գործադրելու մեջ։ Ըստ Էյզենկոտի՝ այդ գործողություններն ուղղված են ընտրությունների արդյունքների հրապարակումը հետաձգելուն և 26-րդ գումարման Քնեսեթի գործունեության օրինականությունը վիճարկելու համար արհեստական հիմքեր ստեղծելուն։
«Յաշարի» առաջնորդն անթույլատրելի է համարել նոր, դեռևս չավարտված քննությունը քվեարկության պաշտոնական արդյունքների նկատմամբ վստահությունը խաթարելու նպատակով օգտագործելու փորձերը։
Նա պահանջել է անցկացնել «անաչառ, մանրակրկիտ և անհապաղ» քննություն և կոչ է արել խստորեն կանխել ընտրությունների ազնվությանը սպառնացող ցանկացած գործողություն։
«Ընտրություններին վերաբերող յուրաքանչյուր որոշում պետք է ընդունվի առավելագույն պատասխանատվությամբ և այն գիտակցմամբ, որ 26-րդ գումարման Քնեսեթը պետք է հավաքվի սահմանված ժամկետում», — հայտարարել է Էյզենկոտը։
Նա ընդգծել է, որ ժողովրդավարական ընտրություններում ընտրողների կամքի իրագործումը Իսրայելի ժողովրդավարության և ազգային դիմակայունության հիմնարար պայմանն է։
Հասանելի է
Անձ
Թեմա
ԸնտրություններՕտար միջամտությունՔաղաքականություն
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
