Թուրքիան մտադիր է բալիստիկ հրթիռներ վաճառել Ուկրաինային

Ըստ ԱՄՆ Կոնգրեսի արձանագրությունների՝ Թուրքիան ԱՄՆ-ից թույլտվություն է խնդրել Ուկրաինային զինամթերքի փաթեթ վաճառելու համար, որն իր մեջ ներառում է նաև բալիստիկ հրթիռներ: Քանի որ նախատեսվող զինամթերքն ամերիկյան արտադրության է, Անկարան դիմել է Վաշինգտոնին՝ վերավաճառքի (re-export) թույլտվություն ստանալու համար, գրում է Ermenihaber.am-ը։
Մասնավորապես, նախատեսվում է վաճառել շուրջ 255.9 մլն դոլար արժողությամբ 12 միավոր «M270 MLRS» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր ու հազարավոր այլ արկեր, ինչպես նաև մոտ 28 մլն դոլարի «M39 ATACMS» մարտավարական բալիստիկ հրթիռային համակարգեր: Թուրքական կողմն այս վաճառքի նպատակը հիմնավորել է հնացած ռազմական պաշարների կրճատմամբ՝ միջոցները սեփական համակարգերի արդիականացման վրա կենտրոնացնելու համար:
Ռազմական և արտաքին քաղաքականության վերլուծաբանները նշում են, որ այս քայլը փաստացի նշանակում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Թուրքիայի վարած «հավասարակշռության քաղաքականության» ավարտ և ռազմավարական առումով Արևմուտքի հետ վերջնական դիրքավորում: ԱՄՆ տետդեպարտամենտն արդեն հայտնել է, որ պատրաստ է հաստատել վաճառքը:
Աղբյուր՝ 24News.am
