Թրամփը մերժել է Patriot-ի հրթիռներ մատակարարելու վերաբերյալ Զելենսկու խնդրանքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խնդրանքից՝ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար հրթիռներ մատակարարելու հարցում։ Այդ մասին հայտնում է բրիտանական Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ Թրամփը չի հաստատել Patriot-ի համար շուրջ 100 հրթիռ-որսիչների մատակարարումը՝ նշելով, որ դրանց պակաս կա՝ պայմանավորված Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողություններով։ Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում նա ընդգծել է, որ այդ հրթիռներն անհրաժեշտ են Մերձավոր Արևելքում ԱՄՆ օբյեկտների և դաշնակիցների պաշտպանությունն ապահովելու համար։
Ավելի վաղ Թրամփը նաև հստակ պատասխան չէր տվել Ուկրաինային Patriot համալիրների արտադրության լիցենզիա տրամադրելու հնարավորության վերաբերյալ՝ չնայած Զելենսկու հայտարարություններին, թե այդ հարցում համաձայնություն է ձեռք բերվել։
ԱՄՆ-ը Patriot համակարգերի մատակարարումները Ուկրաինային սկսել է 2023 թվականի գարնանը, իսկ 2024 թվականի կեսերին Կիևն արդեն ստացել էր առնվազն չորս նման համալիր։ Patriot համակարգերը կարևոր դեր են խաղում ռուսական բալիստիկ հրթիռների որսման գործում։
Աղբյուր՝ 24News.am
