Թրամփը համաձայնել է չեղարկել Իրանի դեմ նախատեսված հզոր հարվածը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաձայնել է չեղարկել Իրանի դեմ նախապես ծրագրված հզոր հարվածը։ Այդ մասին նա գրել է իր Truth Social սոցիալական ցանցում։
Նրա խոսքով՝ նման որոշումը պայմանավորված է Թեհրանի հետ հնարավոր կարգավորման համաձայնագրի շուրջ ձևավորվող պայմանավորվածություններով։
«Իրանը և Մերձավոր Արևելքի մյուս երկրները մեզ խնդրեցին ձեռնպահ մնալ հարձակումից, քանի որ համաձայնեցվել էին ապագա գործարքի հիմնական ուրվագծերը»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը։
Թրամփի խոսքով՝ հնարավոր համաձայնագիրը նախատեսում է Հորմուզի նեղուցի անհապաղ և լիակատար վերաբացում, ինչպես նաև Իրանի կողմից ներկայացվող միջուկային սպառնալիքի վերացում։
ԱՄՆ նախագահը նշել է, որ համաձայնել է չեղարկել հարվածը՝ պայմանով, որ Վաշինգտոնը կկարողանա «արագ կնքել համաձայնագիրը»։ Նա նաև հավելել է, որ Իսրայելը «միանում է այդ ձգտմանը»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը կոչ է արել Դոնալդ Թրամփին խուսափել Իրանի դեմ հարվածներից։ Մինչ այդ CBS հեռուստաալիքը հայտնել էր, որ Իսրայելի և ԱՄՆ-ի ուժերը ծրագրում են լայնածավալ հարձակում Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ, և սպասվում էր, որ հարվածները կարող էին իրականացվել այս հանգստյան օրերին։
Աղբյուր՝ 24News.am
