«Թալիբանն» աֆղանական ռադիոկայաններին արգելել է լուսաբանել կրիկետը

Աֆղանստան18:24 | նոյեմբերի 15, 2026«Թալիբանն» աֆղանական ռադիոկայաններին արգելել է լուսաբանել կրիկետը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
«Թալիբան» շարժման իշխանություններն Աֆղանստանի Կանդահար նահանգի ռադիոկայաններին արգելել են հեռարձակել կրիկետի՝ երկրում ամենաարագ ժողովրդականություն ձեռք բերող մարզաձևերից մեկի հետ կապված ցանկացած նյութ։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով ռադիոկայանների երկու ներկայացուցիչների և նահանգային իշխանություններում իր աղբյուրին։
Կանդահարի տեղեկատվության և մշակույթի վարչությունում գործակալության զրուցակցի վկայությամբ, որը ցանկացել է անանուն մնալ, արգելքը տարածվում է կրիկետի մասին ցանկացած նյութի վրա՝ ներառյալ լուրերը, մեկնաբանությունները և Աֆղանստանի հավաքականի հաղթանակների մասին հաղորդումները։
Տեղական երկու ռադիոկայանների ղեկավարները հաստատել են, որ իշխանություններից համապատասխան ցուցումներ են ստացել։ Նրանցից մեկը պատմել է, որ վարչության աշխատակիցները զանգահարել են ռադիոկայան և հայտնել, որ եթերում այլևս չի կարելի լուսաբանել կրիկետը։ Մյուս ռադիոկայանի ներկայացուցիչը հայտարարել է, որ արգելքը գործում է մինչև հետագա ծանուցումը։
Աֆղանստանի կրիկետի խորհուրդը դեռ չի պատասխանել մեկնաբանություն ստանալու վերաբերյալ AFP-ի հարցմանը։
Որոշումը հատկապես անսպասելի է թվում՝ հաշվի առնելով, որ նախկինում «Թալիբանի» իշխանությունները ցուցադրում էին իրենց աջակցությունն այս մարզաձևին։ Մասնավորապես, օգոստոսին՝ շարժման իշխանության վերադարձի տարեդարձի տոնակատարությունների ժամանակ, երկրում կրիկետի հանդիպումներ էին անցկացվում։
Միևնույն ժամանակ թալիբները սահմանափակումներ են մտցրել մի շարք այլ մարզաձևերի նկատմամբ, մասնավորապես՝ արգելել են խառը մենամարտերը։ Տղամարդկանց և տղաներին թույլատրվում է կրիկետ խաղալ, մինչդեռ կանայք և աղջիկները զրկված են մարզասրահներ հաճախելու և առհասարակ սպորտով զբաղվելու հնարավորությունից՝ հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող սահմանափակումների շրջանակում։
Կանդահարը հատուկ նշանակություն ունի «Թալիբան» շարժման համար. հենց այնտեղ է գտնվում նրա գերագույն առաջնորդի նստավայրը։
Մինչդեռ Աֆղանստանի տղամարդկանց հավաքականը Միացյալ Արաբական Էմիրությունների Շարժա քաղաքում Զիմբաբվեի դեմ անցկացնում է երկրորդ թեստային հանդիպումը։
Հասանելի է
Տեղադրություն
Թեմա
Կազմակերպություն
Աղբյուրը՝ NEWS.am
