Թաիլանդում երկնային լապտերների արձակման պատճառով 265 չվերթի ժամանակացույց է փոփոխվել

Ավիացիա13:36 | նոյեմբերի 12, 2026Թաիլանդում երկնային լապտերների արձակման պատճառով 265 չվերթի ժամանակացույց է փոփոխվել
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Նոյեմբերի 23-ից 25-ն անցկացվող Լոյկրատհոնգ փառատոնի օրերին թռիչքների անվտանգության նկատառումներից ելնելով՝ Թաիլանդի հյուսիսում 265 ավիաչվերթի ժամանակացույց է փոփոխվել։ Այս մասին հայտնել է «Թաիլանդի օդանավակայաններ» (Airports of Thailand) օպերատոր ընկերությունը։
«Նշված ժամանակահատվածում ավիաընկերությունները Չիանգմայի և Չիանգրայի օդանավակայաններում փոփոխել են ընդհանուր առմամբ 265 չվերթի չվացուցակ։ Չիանգմայում չեղարկվել է 62, փոփոխվել՝ 90 և ավելացվել 57 լրացուցիչ չվերթ։ Չիանգրայի օդանավակայանում փոխվել է 56 չվերթի գրաֆիկ։ Ուղևորներին խորհուրդ է տրվում ուղևորության համար լրացուցիչ երկու-երեք ժամ նախատեսել և օդանավակայան մեկնելուց առաջ ստուգել չվերթի կարգավիճակը»,- ասված է օպերատորի տարածած հայտարարության մեջ։
«Թաիլանդի օդանավակայաններ» ընկերությունը թագավորության բնակիչներին և հյուրերին հորդորել է տոնական օրերին ձեռնպահ մնալ երկրի վեց գլխավոր օդանավակայանների մերձակայքում երկնային լապտերներ, փուչիկներ ու անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արձակելուց։ Բացի Չիանգմայից և Չիանգրայից, սահմանափակումները վերաբերում են նաև մայրաքաղաքային Սուվարնաբհումի ու Դոնմիանգ, ինչպես նաև Փուքեթի ու Հաթյայի օդանավակայաններին։ Օպերատորն առանձին հիշեցրել է առանց հատուկ թույլտվության օդանավակայաններից 9 կմ շառավղով դրոնների թռիչքների խիստ արգելքի մասին։
«Այդ առարկաները կարող են վտանգ ներկայացնել օդանավերի համար, հանգեցնել կառավարման կորստի ու վթարների։ Թռիչքների անվտանգությանը սպառնացող գործողությունների համար նախատեսված է խիստ պատիժ՝ ընդհուպ մինչև մահապատիժ կամ ցմահ ազատազրկում, ինչպես նաև 600 հազարից մինչև 800 հազար բատ (17,2 հազարից մինչև 23 հազար դոլար) տուգանք»,- ընդգծվում է հաղորդագրությունում։
Լոյկրատհոնգը Թաիլանդի ամենահայտնի տոներից է, որն ամեն տարի նշվում է նոյեմբերյան լիալուսնի գիշերը։ Ավանդույթի համաձայն՝ այդ օրը թաիլանդցիները ջուրն են իջեցնում ծաղիկներով ու մոմերով զարդարված, բանանի տերևներից պատրաստված փոքրիկ նավակներ՝ «կրատհոնգներ»՝ ջրի ոգուն հավաքված բերքի համար շնորհակալություն հայտնելու և բացասական հույզերից մաքրվելու նպատակով։ Երկրի հյուսիսում, մասնավորապես՝ Չիանգմայ և Չիանգրայ նահանգներում, այս փառատոնը համընկնում է տեղական Յի Պենգ տոնի հետ։ Դրա գլխավոր առանձնահատկությունը գիշերային երկինք զանգվածաբար թղթե լապտերիկներ արձակելն է, որոնք, ըստ տեղական հավատալիքների, իրենց հետ տանում են դժբախտություններն ու անհաջողությունները։
Հասանելի է
Թեմա
Իրադարձություն
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
