Սլովակիայի վարչապետը Ֆրիդրիխ Մերցին մեղադրել է շանտաժի մեջ

Տնտեսություն22:53 | նոյեմբերի 10, 2026Սլովակիայի վարչապետը Ֆրիդրիխ Մերցին մեղադրել է շանտաժի մեջ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը սպառնացել է արգելափակել Եվրամիության՝ 2028–2034 թվականների յոթնամյա բյուջեն, եթե ԵՄ երկրները չհամաձայնեցնեն Ուկրաինային լրացուցիչ ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը։ Նրա դիրքորոշումը Կենտրոնական Եվրոպայի որոշ երկրների առաջնորդների կողմից շանտաժի մեղադրանքների տեղիք է տվել և սպառնում է բարդացնել բյուջեի շուրջ նոյեմբերի վերջին անցկացվելիք բանակցությունները, գրում է The Guardian-ը։
«Այն, ինչ անում է կանցլերը, տիպիկ շանտաժ է, և ես մտադիր չեմ դրան տեղի տալ»,- Բրատիսլավայում անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ Նրա կողքին էր Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը, որի պոպուլիստական կառավարությունը ևս հրաժարվում է մասնակցել Ուկրաինային նոր վարկ տրամադրելուն։ «Ես չգիտեմ, թե ինչու է նա այդպես ասում»,- Մերցի դիրքորոշումը մեկնաբանել է Բաբիշը։
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային ուղղված նամակում, որին ծանոթացել է պարբերականը, Գերմանիայի կանցլերը կոչ է արել Դուբլինում անցկացվելիք ԵՄ գագաթնաժողովում քննարկել Ուկրաինայի ֆինանսավորման կարիքները։ Ըստ նրա՝ Կիևին ինքնապաշտպանական պայքարում աջակցելը բխում է Եվրամիության կենսականորեն կարևոր ընդհանուր շահերից, սակայն երկկողմ օգնությունը բաշխվում է անհամաչափ, և դրա բեռը հիմնականում կրում են մի քանի պետություններ։
Անցյալ տարի ԵՄ-ն համաձայնեցրել էր Ուկրաինային 90 միիալրդ եվրոյի վարկ տրամադրելու հարցը, որը պետք է ծածկեր 2026–2027 թվականներին նրա ռազմական և քաղաքացիական ծախսերի մոտ երկու երրորդը։ Սակայն ռուսական շարունակվող գնդակոծությունները մեծացրել են Կիևի ֆինանսական կարիքները։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բյուջեի պակասուրդը ծածկելու համար լրացուցիչ 70 միլիարդ եվրո է խնդրել։ ԵՄ-ն համաձայնել է այս գնահատականին և խոստացել գտնել 45 միլիարդ եվրո՝ ակնկալելով, որ մնացած գումարը կտրամադրեն մյուս դաշնակիցները, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան և Կանադան։
Հունգարիան, Սլովակիան և Չեխիան, որոնք ավելի վաղ հրաժարվել էին մասնակցել Ուկրաինայի վարկավորմանը, մտադիր են անմասն մնալ նաև ֆինանսավորման նոր փուլից։ Նրանց է միացել Բուլղարիան, երբ վարչապետ է ընտրվել Ռումեն Ռադևը, որին համարում են Մոսկվայի նկատմամբ բարեկամաբար տրամադրված գործիչ։
Մերցը պնդում է, որ ԵՄ բոլոր երկրները պետք է մասնակցեն Ուկրաինայի ֆինանսավորմանը։ Նամակում նա առանց բացառությունների հավաքական պարտավորությունները համարել է Կիևի միջոցների պակասի խնդիրը լուծելու և ֆինանսական հարցերի հետագա քննարկման անհրաժեշտ պայման։ Նա միաժամանակ կոչ է արել ԵՄ հաջորդ յոթնամյա բյուջեի շրջանակում 2028 թվականից Ուկրաինայի կայուն ֆինանսավորում նախատեսել։
Գերմանիան՝ Եվրամիության խոշորագույն զուտ դոնորը, միաժամանակ ձգտում է հասնել առաջարկվող բյուջեի էական կրճատման և դեմ է այն երկրների առատաձեռն ֆինանսավորմանը, որոնք հրաժարվում են օգնել Ուկրաինային։ Բեռլինը ցանկանում է նաև Կիևի ֆինանսավորման վերաբերյալ որոշումներն ընդունել որակյալ մեծամասնությամբ՝ միաձայն հավանության փոխարեն, որպեսզի առանձին կառավարություններ չկարողանան արգելափակել ընդհանուր որոշումները։
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան մտադիր է մինչև տարեվերջ հասնել բյուջեի շուրջ համաձայնության։ Ուկրաինայի ֆինանսավորման քննարկումը նախատեսված է նոյեմբերի 26–27-ին անցկացվելիք ԵՄ հատուկ գագաթնաժողովում։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
Անձ
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
