Ռոտացիոն կառավարություն, կոալիցիա արաբական կուսակցությունների հետ կամ նոր ընտրություններ

Ռոտացիոն կառավարություն, կոալիցիա արաբական կուսակցությունների հետ կամ նոր ընտրություններ

Բենիամին Նեթանյահու21:52 | հոկտեմբերի 29, 2026Ռոտացիոն կառավարություն, կոալիցիա արաբական կուսակցությունների հետ կամ նոր ընտրություններ
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Ռոտացիոն կառավարություն, կոալիցիա արաբական կուսակցությունների հետ կամ նոր ընտրություններ<!—>

]—>

Իսրայելի խորհրդարանական ընտրությունները չբացահայտեցին հստակ հաղթողի, որը կկարողանար ինքնուրույն կառավարություն ձևավորել։ Վարչապետ Բինյամին Նեթանյահուն շարունակում է ղեկավարել ժամանակավոր կառավարությունը, սակայն Կնեսետում նրա հեռացմանը ձգտող ընդդիմադիր ուժերի մեծամասնություն է ձևավորվում։ Reuters գործակալությունը քաղաքական ճգնաժամից դուրս գալու մի քանի սցենար է դիտարկել։

Առաջին տարբերակը նոր ընտրություններն են։ Վերջնական արդյունքների հրապարակումից հետո Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը խորհրդակցություններ կանցկացնի կուսակցությունների ներկայացուցիչների հետ և կառավարության ձևավորումը կհանձնարարի այն թեկնածուին, որին կհամարի խորհրդարանի աջակցությունն ստանալու առավել մեծ հնարավորություններ ունեցողը։ Եթե մի քանի փորձերն անհաջող ավարտվեն, իսկ գործընթացի համար հատկացված ժամկետը լրանա, երկիրը ստիպված կլինի կրկին ընտրությունների գնալ։ Չորեքշաբթի Հերցոգը հայտարարել է, որ անհրաժեշտ է անել հնարավոր ամեն ինչ՝ դրանից խուսափելու համար, և քաղաքական գործիչներին կոչ է արել փոխզիջման պատրաստակամություն ցուցաբերել։

Երկրորդ սցենարը ենթադրում է ազգային միասնության կառավարության ստեղծում՝ Նեթանյահուի գլխավորությամբ։ Կնեսետում ամենաշատ տեղերը ստացած նրա «Լիկուդ» կուսակցությունը կարող է միավորվել կենտրոնամետ և աջակողմյան ընդդիմադիր ուժերի, դրանց թվում՝ Գադի Այզենկոտի «Յաշար» կուսակցության, Ավիգդոր Լիբերմանի «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության և Նաֆթալի Բենեթի «Միասին» խմբակցության հետ։ Նման կոալիցիան 120-տեղանոց խորհրդարանում կունենար 66 տեղ։

Սակայն այս տարբերակն առայժմ քիչ հավանական է թվում։ Այն իրագործելու համար Նեթանյահուն, ըստ ամենայնի, ստիպված կլիներ հրաժարվել իր ավանդական դաշնակիցների՝ ծայրահեղ աջ և ուլտրաօրթոդոքս կուսակցությունների աջակցությունից։ Ընդդիմադիր քաղաքական գործիչներն էլ իրենց հերթին ստիպված կլինեին խախտել իրենց գլխավոր նախընտրական խոստումը՝ հասնել Նեթանյահուի՝ իշխանությունից հեռացմանը։ Ընդսմին, քաղաքական ճամբարների միջև ձգձգվող ու անարդյունք բանակցությունները կարող են ազգային միասնության կառավարությունը նոր ընտրություններից խուսափելու վերջին միջոցը դարձնել։

Երրորդ տարբերակը Այզենկոտի գլխավորությամբ փոքրամասնության կառավարությունն է՝ արաբական կուսակցությունների աջակցությամբ։ Այդ դեպքում նրա կուսակցությունը կարող է կառավարություն ձևավորել «Միասին», «Դեմոկրատներ» և «Մեր տունն Իսրայելն է» խմբակցությունների հետ՝ ստանալով «Միացյալ ցուցակի» և ՌԱԱՄ կուսակցության աջակցությունը։ Վերջին հաշվարկներով՝ այս դաշինքը կունենար 48 տեղ, իսկ արաբական կուսակցություններն ունեն ևս 19 մանդատ։ Միասին դա կապահովեր 67 պատգամավորից բաղկացած մեծամասնություն։

Սակայն նման դասավորությունը ևս կապված է քաղաքական լուրջ ռիսկերի հետ։ Այզենկոտը ստիպված կլիներ վերանայել արաբական կուսակցություններին կառավարության կազմում չընդգրկելու իր նախընտրական խոստումը և ընդունել նրանց խորհրդարանական աջակցությունը։ Դա կարող է դիմադրություն առաջացնել իսրայելական հասարակության մի մասի շրջանում, որի վերաբերմունքն արաբ փոքրամասնության նկատմամբ ավելի կոշտ է դարձել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո։ Միաժամանակ արաբական երկու կուսակցություններն էլ հասկացրել են, որ պատրաստ են համագործակցել ընդդիմադիր ճամբարի հետ։

Վերջապես, Նեթանյահուն կարող է փորձել վերականգնել աջակողմյան մեծամասնությունը՝ իր կողմը գրավելով ընդդիմադիր կուսակցությունների առանձին պատգամավորների։ Ըստ ձայների հաշվարկի վերջին արդյունքների՝ նրա կոալիցիայի տեղերի թիվը սկզբնական 64-ից նվազել է մինչև 53-ի։ Սակայն Իսրայելի վարչապետի բազմամյա փորձը նրան թույլ է տալիս ավավինել ընդդիմության պառակտմանն ու առանձին խորհրդարանականներին՝ իր կողմն անցնելուն։ Նա արդեն կիրառել է նման մարտավարություն 2022 թվականի ընտրություններից առաջ, որոնք ավարտվեցին իր հաղթանակով։

Ներկայիս քաղաքական ճգնաժամը ծավալվում է Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածության ֆոնին։ Reuters-ի գնահատմամբ՝ Իրանի կամ տարածաշրջանային դիմակայության մյուս մասնակիցների հետ հակամարտության նոր սրացումը կարող է Իսրայելի քաղաքական ուժերին մղել ազգային միասնության կառավարություն ստեղծելու։

<!—>

Հասանելի է

[—>русский

Անձ

Բենիամին ՆեթանյահուԻցհակ Հերցոգ

Թեմա

ԸնտրություններՔաղաքականություն

Տեղադրություն

Իսրայել

Աղբյուրը՝ NEWS.am