Ռեալը նվաճեց Թերեզա Էռերայի գավաթը` հաղթելով Դեպորտիվոյին

Ռեալը նվաճեց Թերեզա Էռերայի գավաթը` հաղթելով Դեպորտիվոյին

Մադրիդի «Ռեալը» Թերեզա Էռերայի ավանդական գավաթի խաղարկության շրջանակում ընկերական հանդիպում է անցկացրել Իսպանիայի բարձրագույն խումբ վերադարձած Լա Կորունյայի «Դեպորտիվոյի» հետ: Լա Կորունյայի «Աբանկա-Ռիասոր» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է մադրիդցիների նվազագույն հաշվով հաղթանակով։

Հանդիպման միակ և հաղթական գոլը գրանցվել է առաջին խաղակեսի վերջնամասում՝ 45+1-րդ րոպեին, ընդ որում՝ այն ստացվել է բավականին տպավորիչ։ Մադրիդցիների դարպասի մոտ ստեղծված վտանգավոր դրվագից հետո դարպասապահ Անդրեյ Լունինը որսացել է գնդակը և այն արագ ձեռքով նետելով՝ Բրահիմ Դիասին ուղարկել է հակագրոհի։ Վերջինս իր կիսադաշտից գնդակով առաջ է շարժվել, ներխուժել տուգանային հրապարակ և դիպուկ հարվածով անխոցելի մնացել դարպասապահ Լեո Ռոմանի համար։

Մինչ այդ, հաշիվը բացելու հիանալի հնարավորություն ուներ նաև մադրիդցիների բրազիլացի հարձակվող Էնդրիկը, սակայն նրա հարվածից հետո «Դեպորտիվոյի» դարպասապահը փրկել է իր թիմին։ Ընդմիջումից հետո երկու թիմերն էլ մի շարք փոփոխություններ են կատարել, խաղի տեմպն ընկել է, և հաշիվն այլևս չի փոխվել։

Հիշեցնենք, որ «Դեպորտիվոն» 2026/2027 մրցաշրջանում հանդես կգա Լա Լիգայում։ Ավարտված 2025/2026 մրցաշրջանում լա-կորունյանցիները 77 միավորով գրավել էին երկրորդ տեղը Սեգունդայում՝ վերանվաճելով Իսպանիայի բարձրագույն դիվիզիոնում խաղալու իրավունքը։

Ինչ վերաբերում է Մադրիդի «Ռեալին», ապա Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում թիմը վաստակել էր 86 միավոր և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը՝ չեմպիոնական տիտղոսը զիջելով 94 միավոր վաստակած կատալոնական «Բարսելոնային»։

Աղբյուր՝ 24News.am