Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արեգա Հովսեփյանի թեկնածության հարցը

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Արեգա Հովսեփյանին: Նրան խորհրդարանում ներկայացրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը:
Արեգա Հովսեփյանը ծնվել է 1991 թվականին Ստեփանակերտում: Սովորել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնում, 2012-2014 թվականներին նույն ֆակուլտետում ստացել է մագիստրոսի աստիճան: 2015-2019 թվականներին անցել է Հայաստանի դիվանագիտական ակադեմիայի դիվանագետների վերապատրաստման դասընթացը: 2015-ին ուսանել է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում գործող Թաֆթսի համալսարանի Fletcher դպրոցում: ԵՊՀ-ում եղել է ասպիրանտ:
Աշխատանքային գործունեությունը սկսել է 2013-ին ԼՂ-ում՝ ԱԳՆ-ում զբաղեցնելով տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության առաջին կարգի մասնագետի, ապա՝ առաջատար մասնագետի պաշտոնները: Դասավանդել է, գիտական հոդվածների հեղինակ է:
2019-2023 թվականներին աշխատել է ՀՀ ԱԳՆ սահմանակից երկրների վարչությունում, իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: 2023-2024 թվականներին եղել է «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն» ՀԿ նախագահը: 2025 թվականին անցել է «Բիզնես դեվելոփմենթ գրուպ» կազմակերպության նախագծերի ղեկավարման հիմունքների որակավորման ծրագիրը: 2025-2026 թվականներին զբաղեցրել է Հայաստանի բիզնեսմենների ասոցիացիայի նախագծերի ղեկավարի պաշտոնը:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Արեգա Հովսեփյանն իր ելույթի ժամանակ հայտարարեց՝ եվրոպական ինտեգրումը ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության օրակարգը չի կարող լինել, այն ՀՀ օրակարգը պետք է լինի, եթե գործադիրի քաղաքականության մեջ լինի հստակ որոշում, իսկ այդ որոշումն էլ, ըստ թեկնածուի, պետք է հիմնված լինի Հայաստանի շահի, պրոֆեսիոնալ, խոր, համապարփակ վերլուծության վրա: Սա ճաշակի լոզունգների հարց չի կարող լինել:
«Այսօր Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունները նկատելիորեն ակտիվացել են, անհերքելի է: Արձանագրենք նաև, որ դուք ստացել եք անցած տասնամյակների ընթացքում ձևավորված Հայաստան-Եվրամիություն համագործակցության տրամաբանության մեջ հարուստ իրավապայմանագրային բազա, որը հարստացվել է որոշակիորեն նաև ձեր օրոք: Այնուամենայնիվ, իրական արժեքը որոշվում է ոչ թե ստորագրված փաստաթղթերի քանակով, այլ կատարման մակարդակով և ՀՀ-ի համար գործնական արդյունքով»,- ասաց նա:
Աղբյուր՝ Hayastan.news
