ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից

Տեսանյութեր17:03 | նոյեմբերի 3, 2026ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
Ես իմ սեփական աթոռը փրկելու խնդիր չունեմ, հաճոյանալու խնդիր չունեմ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ անդրադառնալով նրան, որ թեև սովորաբար ՔԿ–ն իր հաղորդագրություններում նշում է «անձնական դրդապատճառներից ելնելով», սակայն Գագիկ Ծառուկյանի դստեր դեպքում խիստ անձնական տվյալներ է հրապարակել, արդյոք այս քայլով նպատակ եք հետապնդում հաճոյանալ իշխանություններին, և արդյոք նպատակ եք հետապնդում ձեր սեփական աթոռը փրկել՝ հաշվի առնելով, որ պարբերաբար վարչապետը իրավապահ մարմինների գործողություններից դժգոհություններ է հայտնում։
«Հավաստիացնում եմ, որ դուք լավ չեք ուսումնասիրել ՔԿ–ի հաղորդագրությունները, դրանց գերակշիռ մասում շարժառիթը նշվում է»,–ասաց նա։
Հարցին՝ դուք չամաչեցի՞ք այդ հաղորդագրության համար, Արթուր Պողոսյանը պատասխանեց. «Մյուս անգամ նման հարց չտալ, ես ամաչելու խնդիր չունեմ, թող ամաչեն նրանք, որոնք նման արարք են անում, մյուս անգամ այդ ձևով չարտահայտեք։
Ես հաճոյանալու խնդիր չունեմ, մեր գործերով ընդհանրապես, շարժառիթը ապացուցման պարտադիր հատկանիշ է, թե ինչ շարժառիթով է կատարվել հանցանքը։ Վարույթ իրականացնող մարմինն է որոշում՝ որ դեպքով շարժառիթի մասին նշի կամ չնշի։ Տվյալ դեպքով, հաշվի է առնվել անձի ով լինելը, հանրային հնչեղություն ստանալը։ Հանրության մոտ հարց էր առաջանալու, ենթադրաբար, ինչի՞ պատվիրեց այս անձի սպանությունը։
Քննիչը տվյալ պարագայում որոշում է՝ թե ինչ բնույթով, ինչ ծավալով նախաքննության տվյալներ հրապարակի։ Այդ գործով նման որոշում է կայացրել։ Այստեղ հաճոյանալու խնդիր չունենք։
Առավել ևս մի գործը մյուսի հետ որևիցե կապ չունի, դուք նույնացնում եք։ Ի՞նչ կապ ունի Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ քրեական վարույթը այս գործի հետ։ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ քրեական վարույթը, լրիվ այլ բնույթի քրեական վարույթ է, սա լրիվ այլ վարույթ է։ Այստեղ մենք գործ ունենք ենթադրաբար սպանություն պատվիրելու հետ, դրանք նույնը չեն, և այդ գործերը միմյանց կապելը ձեր սխալ ենթադրությունն է»,–ասաց նա։
Թեմա
ՏեսանյութերԴատական համակարգԱնձնական տվյալներ
Անձ
Կազմակերպություն
Աղբյուրը՝ NEWS.am
