Պուտինի հետ Թրամփի դիզելային գործարքը ձախողման եզրին է. ԱՄՆ ուղարկված լցանավերը փոխել են ուղղությունը գնորդների բացակայության պատճառով․ FT

Պուտինի հետ Թրամփի դիզելային գործարքը ձախողման եզրին է. ԱՄՆ ուղարկված լցանավերը փոխել են ուղղությունը գնորդների բացակայության պատճառով․ FT

Դոնալդ Թրամփ12:17 | նոյեմբերի 5, 2026Պուտինի հետ Թրամփի դիզելային գործարքը ձախողման եզրին է. ԱՄՆ ուղարկված լցանավերը փոխել են ուղղությունը գնորդների բացակայության պատճառով․ FT
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Պուտինի հետ Թրամփի դիզելային գործարքը ձախողման եզրին է. ԱՄՆ ուղարկված լցանավերը փոխել են ուղղությունը գնորդների բացակայության պատճառով․ FT<!—>

]—>

Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երկու լցանավ, որոնք ԱՄՆ էին ուղևորվում նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի գործարքի շրջանակում, փոխել են երթուղիները և այլևս չեն շարժվում դեպի ամերիկյան նավահանգիստներ։ Այս մասին հայտնում է Financial Times-ը (FT)։ Հոնկոնգյան ընկերությանը պատկանող և Սիեռա Լեոնեի դրոշի ներքո նավարկող Leruo լցանավն ուղղություն է վերցրել դեպի Բրազիլիա։ Ռուսական Talisman լցանավն էլ Ատլանտյան օվկիանոսից անցել է Միջերկրական ծով և այժմ գտնվում է Ալժիրի ափերի մոտ։ Նավն ունի «սպասում է հրահանգների» կարգավիճակ։ Պարբերականի տվյալներով՝ դա նշանակում է, որ բեռը դեռ չունի հաստատված գնորդ կամ նշանակման նավահանգիստ։ Երկու լցանավերն էլ արևմտյան պատժամիջոցների տակ են։

Նույն կարգավիճակն ունի նաև հունական Eastern Mediterranean Maritime ընկերությանը պատկանող Agioi Fanendes լցանավը։ Այն, սակայն, առայժմ շարունակում է ճանապարհը դեպի ԱՄՆ։ Նավի սեփականատերը հայտնել է, որ բեռնաթափման նավահանգիստը դեռ հաստատված չէ։ Kpler վերլուծական ընկերության տվյալներով՝ այս լցանավը նույնպես կարող է փոխել դեպի Նյու Յորք իր սկզբնական երթուղին։ Պատժամիջոցների տակ գտնվող ևս մեկ լցանավ՝ Սեյշելյան կղզիներում գրանցված ընկերություններին պատկանող Beast-ը, հոկտեմբերի 27-ին վառելիք է բեռնել Պրիմորսկի նավահանգստում և առայժմ պահպանում է դեպի ԱՄՆ-ի ատլանտյան ափ վերցրած ուղղությունը։

Kpler-ի վերլուծաբան Մեթ Սմիթը պարզաբանել է, որ ամերիկյան ընկերությունները «չեն համարձակվում» ռուսական դիզելային վառելիք գնել՝ իրավական ռիսկերի և պատժամիջոցների պատճառով։ Ավելի վաղ նույն մասին The Washington Sun թերթին հայտնել էին էներգետիկ ոլորտի ներկայացուցիչներն ու վերլուծաբանները։ Նյու Ջերսիի նահանգապետ Միկի Շերիլը, որի նահանգում է գտնվում ԱՄՆ-ի արևելյան ափի նավթամթերքների ընդունման և բաշխման խոշորագույն կենտրոնը, բիզնեսին նախազգուշացրել է, որ Պուտինի հետ Թրամփի գործարքը խախտում է 2022 թվականի օրենքը, որով Ուկրաինա ներխուժումից հետո արգելվել է Ռուսաստանից էներգակիրների ներմուծումը։ Շերիլը նաև Նյու Յորքի և Նյու Ջերսիի նավահանգստային վարչությանը և նավթային տերմինալների օպերատորներին կոչ է արել զերծ մնալ ռուսական դիզելային վառելիք ընդունելուց։

FT-ն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ լցանավերի երթուղիները փոխվել են ԱՄՆ-ում դիզելային վառելիքի պաշարների նվազման ֆոնին։ Նոր տվյալների համաձայն՝ պաշարներն ավելի քան երկու տասնամյակի ընթացքում առաջին անգամ իջել են 100 մլն բարելից ցածր մակարդակի։

Թրամփը Պուտինի հետ դիզելային վառելիքի գործարքի մասին հայտարարել է հոկտեմբերի 9-ին։ Դրանից հետո ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մինչև 2027 թվականի ապրիլը կասեցրել է ռուսական վառելիքի դեմ սահմանված միջոցառումները։ Հայտնի է, որ ԱՄՆ ուղարկված երեք լցանավերը տեղափոխում են ընդհանուր առմամբ 140 հազար տոննա դիզելային վառելիք։

Կոնգրեսում խոստացել են հետաքննել աղմկահարույց գործարքը։ Բանկերին և նավահանգիստներին նամակներ են ուղարկվել՝ պահանջելով պահպանել գործարքին առնչվող գործառնությունների բոլոր փաստաթղթերը։ Ներկայացուցիչների պալատի դատական հարցերով հանձնաժողովի անդամ Ջեյմի Ռասկինն առանձին նախազգուշացրել է բիզնեսին, որ ռուսական դիզելային վառելիքի գնումը կարող է հանգեցնել մինչև 1 մլն դոլարի տուգանքի և մինչև 20 տարվա ազատազրկման։

<!—>

Հասանելի է

[—>русский

Անձ

Դոնալդ ԹրամփՎլադիմիր Պուտին

Թեմա

ՆավթՊատժամիջոցներՆավագնացություն

Աղբյուրը՝ NEWS.am