Պիստորիուս. Գերմանիան այլևս չի կարող Ուկրաինային Patriot համակարգեր փոխանցել

Բորիս Պիստորիուս23:22 | նոյեմբերի 7, 2026Պիստորիուս. Գերմանիան այլևս չի կարող Ուկրաինային Patriot համակարգեր փոխանցել
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Գերմանիան ժամանակավորապես չի կարողանա Ուկրաինային փոխանցել լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր և դրանց համար նախատեսված հրթիռներ, քանի որ դա խնդիրներ կստեղծի երկրի սեփական պաշտպանության համար։ Այս մասին Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է Berliner Morgenpost-ի հարցազրույցում։
«Այն ամենը, ինչ մենք հիմա փոխանցենք, առայժմ չենք կարողանա փոխարինել։ Դա մեր պաշտպանության մեջ բացեր կստեղծի, որոնց համար չենք կարող պատասխանատվություն կրել», — ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ Գերմանիան արդեն Ուկրաինային մատակարարել է մի քանի Patriot համակարգ և դրանց համար նախատեսված զինամթերք։ «Այս պահին ավելին հնարավոր չէ», — ընդգծել է Պիստորիուսը։
Նա մյուս երկրներին կոչ է արել ավելացնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ծավալը։ Այս հարցը նախատեսվում է քննարկել նոյեմբերի կեսերին Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի նիստում։
Պիստորիուսը նաև հայտարարել է, որ ռուսական զորքերը, չնայած ձմեռային օդային հարձակումներին, ցամաքում էական առաջխաղացման չեն հասնում։ Նրա խոսքով՝ ռուսական բանակը «հսկայական» կորուստներ է կրում՝ ամսական 30-40 հազար զինծառայող։
Գերմանիայի պաշտպանության նախարարը թերահավատորեն է գնահատել հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով արագ ավարտելու հեռանկարները։ Նրա խոսքով՝ բանակցությունների ելքն առաջին հերթին կախված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից և ԱՄՆ դիրքորոշումից։
Պիստորիուսն ընդգծել է, որ առանց Կիևի մասնակցության ցանկացած պայմանավորվածություն անընդունելի է, իսկ Ուկրաինայի ինքնիշխանությունը պետք է պահպանվի։
Միաժամանակ, նրա խոսքով, Եվրոպան չի կարողանա միայնակ երաշխավորել անվտանգությունն ու խաղաղությունը, եթե դուրս մնա բանակցային գործընթացից։
Նախարարը հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասկանում է դրա հետ կապված եվրոպական շահերն անվտանգության ոլորտում։
Հասանելի է
Անձ
Տեղադրություն
Օբյեկտ
Թեմա
Աղբյուրը՝ NEWS.am
