Ուկրաինան Ռուսաստանին առաջարկել է փոխադարձ դադարեցնել Սև ծովում թիրախների ուղղությամբ հարձակումները

Ուկրաինան Ռուսաստանին առաջարկել է փոխադարձ հիմունքներով դադարեցնել Սև ծովի ջրային տարածքում գտնվող թիրախների ուղղությամբ հարձակումները, հայտնում է Reuters-ը՝ իրավիճակին ծանոթ աղբյուրի հղումով։
Գործակալության տվյալներով՝ առաջարկը փոխանցվել է երրորդ կողմի միջոցով։ Reuters-ի աղբյուրների պնդմամբ՝ Ռուսաստանը դեռևս չի պատասխանել ուկրաինական նախաձեռնությանը։
ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան պաշտոնական առաջարկ չի ստացել Սև ծովում ռազմական գործողությունների հնարավոր մորատորիումի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ տարբեր ուղիներով հնչում են հրադադարի և մորատորիումների բազմաթիվ կոչեր, սակայն պաշտոնական առաջարկներ չեն ներկայացվել։
ՌԴ ԱԳՆ-ն նախկինում միջազգային հանրությանը կոչ էր արել ազդել Ուկրաինայի վրա՝ Սև և Ազովի ծովերում բեռնատար նավերի վրա հարձակումները դադարեցնելու նպատակով։
Աղբյուր՝ 24News.am
