Նյու Յորքի սոցիալիստները Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսին կոչ են արել 2028 թվականին առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում

Ալեքսանդրիա Օկասիո-Կորտես11:17 | նոյեմբերի 15, 2026Նյու Յորքի սոցիալիստները Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսին կոչ են արել 2028 թվականին առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
«Ամերիկայի դեմոկրատ սոցիալիստներ» (DSA) կազմակերպության Նյու Յորքի մասնաճյուղը Կոնգրեսի անդամ Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսին կոչ է արել իր թեկնածությունն առաջադրել 2028 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում, հայտնում է CNN-ը։
Համապատասխան բանաձևն ընդունվել է շաբաթ օրը, սակայն այն չի նշանակում կազմակերպության կողմից նրա թեկնածության պաշտոնական սատարում։
DSA-ի Նյու Յորքի մասնաճյուղի համանախագահ Գուստավո Գորդիլյոն որոշումը բնորոշել է որպես ապագա նախագահական քարոզարշավի հիմքերի նախապատրաստմանը նպաստելու պարտավորություն։
«Օկասիո-Կորտեսը և DSA-ի Նյու Յորքի մասնաճյուղը հավատարիմ են ժողովրդավարական սոցիալիստական շարժումն ամրապնդելու նպատակին, իսկ DSA-ն պայմաններ կստեղծի այնպիսի նախագահական քարոզարշավի համար, որը կկարողանա առաջ մղել աշխատավոր դասակարգի քաղաքական օրակարգը», — հայտարարել է նա կազմակերպության համագումարից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Օկասիո-Կորտեսին ընտրություններին մասնակցելու կոչով բանաձևեր արդեն ընդունել են DSA-ի մասնաճյուղերը Ատլանտայում, Կոլորադոյում, Լոս Անջելեսում և Նյու Յորք նահանգի Իթակա քաղաքում։ Այս նախաձեռնություններն արտացոլում են նաև այն առաջնահերթությունները, որոնք սոցիալիստները կցանկանային տեսնել նրա հնարավոր նախագահական ծրագրում։ Դրանց թվում են Իսրայելին զենքի մատակարարման էմբարգոն, ԱՄՆ ներգաղթի և մաքսային ոստիկանության (ICE) վերացումը, Medicare for All համընդհանուր պետական բժշկական ապահովագրության ներդրումը և Green New Deal («Կանաչ նոր կուրս») կլիմայական ծրագրի իրականացումը։
Նյու Յորքի մասնաճյուղի բանաձևին կողմ է քվեարկել 291 մասնակից, դեմ՝ 123-ը։ Քննարկման ընթացքում կազմակերպության որոշ անդամներ դեմ են արտահայտվել նախաձեռնությանը՝ համարելով, որ Օկասիո-Կորտեսը հեռացել է DSA-ի հիմնական սկզբունքներից ու առաջնահերթություններից։ Նրանք նաև մտավախություն են հայտնել, որ թեկնածությունն առաջադրելու կոչը կարող է շփոթություն առաջացնել թեկնածուներին պաշտոնապես սատարելու առանձին ընթացակարգից առաջ։
Սոցիալիստների և Կոնգրեսի անդամի միջև տարաձայնություններ նախկինում ևս եղել են։ 2024 թվականին DSA-ի ազգային ղեկավարությունը չեղարկել է Օկասիո-Կորտեսին իր աջակցությունը՝ հայտարարելով, որ նա չի կատարել իսրայելա-պաղեստինյան հակամարտության առնչությամբ կազմակերպության սահմանած պահանջները։ 2026 թվականի օգոստոսին քաղաքական գործիչը, անդամակցության ընդմիջումից հետո, կրկին միացել է կազմակերպությանը։
Գորդիլյոն նվազեցրել է տարաձայնությունների նշանակությունը՝ նշելով, որ կազմակերպության բանաձևերը հազվադեպ են ընդունվում միաձայն։ Նրա կարծքով, ընտրված ներկայացուցիչներին բացահայտ քննադատելու հնարավորությունն օգնում է շարժման մասնակիցներին պահպանել ներգրավվածությունն ու ամրապնդել համագործակցությունը։
«Մենք արդեն ունենք Կոնգրեսի անդամի հետ նման աշխատանքի հաջող փորձ. մենք միշտ չէ, որ համաձայնել ենք Պաղեստինի վերաբերյալ նրա որոշ դիրքորոշումների հետ, բայց միաժամանակ կարողացել ենք համագործակցել և ամրապնդել թե՛ DSA-ն, թե՛ նրա սեփական քաղաքական հարթակը», — հայտարարել է նա։
Օկասիո-Կորտեսի ներկայացուցիչը չի պատասխանել մեկնաբանության մասին հարցմանը։
Կոնգրեսի անդամն ավելի վաղ հայտարարել էր, որ իր հետագա քաղաքական ծրագրերի վերաբերյալ որոշում կկայացնի 2026 թվականի նոյեմբերին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո։ Նա դիտարկում է 2028 թվականի նախագահական մրցապայքարին մասնակցելու կամ ԱՄՆ Սենատի ընտրություններում առաջադրվելու հնարավորությունը։ Նա ընդգծել է, որ ընտրություն կատարելիս հաշվի է առնելու իր ծագումը, անձնական հանգամանքները, տարիքը և հաղթելու հնարավորությունները։
<!—>
Հասանելի է
[—>русский
Անձ
Թեմա
ԸնտրություններՔաղաքականություն
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
