Նաիր Թիկնիզյանը ժամանել է Հունաստան. հայտնի են տրանսֆերի և պայմանագրի նոր մանրամասները

Հայաստանի ազգային հավաքականի և սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանն այսօր առավոտյան՝ ժամը 9-ի սահմաններում, Բելգրադից ժամանել է Աթենք՝ ավարտին հասցնելու հունական «Օլիմպիակոս» տեղափոխությունը: Այսօր՝ օգոստոսի 17-ին, 27-ամյա ֆուտբոլիստը կանցնի բուժզննում, կստորագրի պայմանագիր և կմասնակցի պաշտոնական ներկայացմանը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Ինչպես հայտնում է հունական Protothema պարբերականը, տրանսֆերի արժեքը գերազանցելու է 5 միլիոն եվրոն: Հայ պաշտպանը կնքելու է «4+1» տարի ձևաչափով պայմանագիր և անմիջապես տեղափոխվելու է թիմի գլխավոր մարզիչ Խոսե Լուիս Մենդիլիբարի տրամադրության տակ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Օլիմպիակոսում» Թիկնիզյանը փոխարինելու է Ֆրանսիսկո Օրտեգային, որն արդեն տեղափոխվել է արգենտինական «Ռիվեր Փլեյթ»: Հատկանշական է, որ մինչ հունական ակումբի առաջարկն ընդունելը, հայ ֆուտբոլիստը մերժել էր Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» տարբերակը:
Հիշեցնենք, որ Թիկնիզյանը նախորդ մրցաշրջանում Սերբիայում բոլոր մրցաշարերի շրջանակներում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Ընթացիկ մրցաշրջանում նա արդեն հասցրել էր մասնակցել Սերբիայի առաջնության մեկնարկային տուրին և Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի խաղերին:
Աղբյուր՝ 24News.am
