Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանին և Ադրբեջանին աջակցելու հանձնառությանը
![]()
Մեկ տարի առաջ այս օրը նախագահ Թրամփը ապահովեց խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Սպիտակ տանը հյուրընկալելով Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին ու ականատես լինելով նրանց կողմից պատմական Համատեղ հռչակագրի ստորագրմանը։ Այս հռչակագիրը վերջ դրեց Հարավային Կովկասում տասնամյակներ շարունակվող հակամարտությանը և սկիզբ դրեց «Խաղաղության և բարգավաճման համար Թրամփի միջազգային ուղուն» (TRIPP)։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Անցած տասներկու ամիսների ընթացքում Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի հետ կողք կողքի աշխատել է՝ այդ խոստումը իրական առաջընթացի վերածելու համար։ TRIPP-ը՝ բազմամոդալ տրանսպորտային միջանցքը, որը կարդիականացնի երկաթուղային, ավտոմոբիլային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքները, աստիճանաբար իրականություն է դառնում։ Հայաստանում արդեն իրականացվում են երկաթուղու ինժեներական ուսումնասիրություններ, իսկ Ադրբեջանը գրեթե ավարտել է Հայաստան միացող ավտոմայրուղու և երկաթուղու կառուցումը։
Խաղաղությունը հնարավորություն է ստեղծել Միացյալ Նահանգների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հետագա զարգացման համար, ինչը կնպաստի երեք երկրների տնտեսական բարգավաճմանը։ Այսօր ուրախությամբ հայտարարում եմ, որ Անդրկասպյան Ձեռնարկատիրական Հիմնադրամը (Trans-Caspian Enterprise Fund) սկսել է իր գործունեությունը։ Այն ղեկավարվում է նոր ընտրված տնօրենների խորհրդի կողմից և համալրվել է ԱՄՆ կառավարության կողմից տրամադրված 201 միլիոն դոլար ֆինանսավորմամբ՝ նպատակ ունենալով խթանել մասնավոր հատվածի ներդրումները Անդրկասպյան Առևտրային Ուղու (Միջին Միջանցք) երկայնքով՝ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում։
Այս առաջընթացը արտացոլում է մի պարզ ճշմարտություն. խաղաղությունն ու բարգավաճումը փոխադարձաբար ամրապնդում են միմյանց։ TRIPP-ը պարզապես ենթակառուցվածքային նախագիծ չէ․ այն Անդրկասպյան Առևտրային Ուղու կարևոր օղակ է, առևտրային հնարավորությունների խթանիչ՝ Միացյալ Նահանգների և այլ երկրների համար, ինչպես նաև օրինակ, թե ինչպես կարող է տնտեսական համագործակցությունը ամրապնդել խաղաղությունը երկարատև հակամարտությունների կարգավորումից հետո։
Միացյալ Նահանգները շարունակում է լիովին հավատարիմ մնալ Հայաստանին և Ադրբեջանին աջակցելու հանձնառությանը, քանի որ նրանք զարգացնում են այս հիմքը։ Մենք շնորհավորում ենք երկու երկրներին այն խիզախության և հեռատեսության համար, որ ցուցաբերել են անցած տարվա ընթացքում, և ակնկալում ենք շարունակական առաջընթաց՝ Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հաստատման ճանապարհին։
Աղբյուր՝ 24News.am
