Մեխանիկական փոխանցման տուփ և 275 ձիաուժ. նոր Subaru WRX STI-ն մեծ իրարանցում է առաջացրել Ճապոնիայում

Ավտոաշխարհ08:02 | նոյեմբերի 27, 2026Մեխանիկական փոխանցման տուփ և 275 ձիաուժ. նոր Subaru WRX STI-ն մեծ իրարանցում է առաջացրել Ճապոնիայում
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ճապոնիայում Subaru WRX-ի՝ լիարժեք մեխանիկական փոխանցման տուփով տարբերակի վերադարձը մեծ իրարանցում է առաջացրել ավտոսիրողների շրջանում, հայտնում է Motor 1-ը։
Պատվերների ընդունման մեկնարկից ընդամենը հինգ օր անց WRX STI Sport R նոր տարբերակի համար ստացվել է շուրջ 2000 հայտ, ինչը զգալիորեն գերազանցել է Subaru-ի նախնական ակնկալիքները։

Ինչպես հայտնում է ճապոնական Creative Trend պարբերականը, պատվերների ընդունումը մեկնարկել է նոյեմբերի 19-ին։ Արդեն առաջին օրը գնորդները ներկայացրել են շուրջ 600 հայտ, երկու օրում դրանց թիվը գերազանցել է 1000-ը, իսկ տոնական հանգստյան օրերի ավարտին՝ նոյեմբերի 23-ին, հասել է մոտ 2000-ի։
Subaru-ն նախատեսում էր ամսական վաճառել 330 ավտոմեքենա և մինչև 2027 թվականի մարտը մատակարարելու համար հատկացրել էր 1500 ավտոմեքենա։ Սակայն այդ ամբողջ խմբաքանակն արդեն վաճառված է։ Այժմ նոր գնորդները ստիպված կլինեն ավտոմեքենային սպասել ավելի քան վեց ամիս։

WRX STI Sport R-ի գլխավոր առանձնահատկությունը վեցաստիճան TY85 մեխանիկական փոխանցման տուփի վերադարձն է, որը նախկինում կիրառվում էր բարձր արդյունավետությամբ WRX STI մոդելներում։ Այն համակցված է 2,4 լիտրանոց քառագլան ընդդիմադիր դասավորությամբ տուրբոշարժիչի հետ, որն ապահովում է 275 ձիաուժ հզորություն և 375 Ն·մ պտտապահ։
Ավտոմեքենան նաև համալրվել է էլեկտրոնային կառավարմամբ ZF ադապտիվ հարվածամեղմիչներով և Brembo արգելակներով՝ առջևում վեցմխոցանի, իսկ հետևում՝ երկմխոցանի արգելակային սուպորտներով։ Subaru-ի հայտարարությամբ՝ կախոցը կարգավորված է այնպես, որ համատեղի ճշգրիտ կառավարելիությունն ու հարմարավետությունը։ Վարորդը կարող է ընտրել վարման ռեժիմները՝ կախված ճանապարհային պայմաններից։

Մեկ այլ գործառույթ է RevSync համակարգը, որը ցածր փոխանցման անցնելիս ավտոմատ կերպով համապատասխանեցնում է շարժիչի պտույտները։ Ցանկության դեպքում վարորդը կարող է անջատել այն և ինքնուրույն կարգավորել պտույտները։
Ճապոնիայում WRX STI Sport R-ի գինը սկսվում է 5,48 միլիոն իենից (մոտ 34,3 հազար ԱՄՆ դոլար)։ Լրացուցիչ ընտրանքների թվում են Recaro նստատեղերը, մեծացված հետևի հակաթևը, STI աերոդինամիկ թափքակազմը, բարելավված աուդիոհամակարգը և սպորտային արտանետման համակարգը։ Առկա տվյալներով՝ առավելագույն համալրմամբ տարբերակի գինը հասնում է 6,74 միլիոն իենի (մոտ 42,2 հազար ԱՄՆ դոլար)։

Միևնույն ժամանակ Subaru-ն չի նախատեսում STI Sport R-ը վաճառել ԱՄՆ-ում։ Ամերիկացի գնորդներին նախկինի պես հասանելի է մեխանիկական փոխանցման տուփով WRX-ը, սակայն նրանք չեն ստանա TY85 փոխանցման տուփը, ադապտիվ հարվածամեղմիչները և ճապոնական տարբերակի մի շարք այլ առանձնահատկություններ։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
Տեղադրություն
