Լատվիան ժամանակավորապես փակել է Բելառուսի հետ սահմանային անցակետը

Լատվիան տեխնիկական պատճառներով ժամանակավորապես դադարեցրել է երթևեկությունը Բելառուսի հետ սահմանին գտնվող «Պատերնիեկի» անցակետով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters-ը, Լատվիայի ներքին գործերի նախարար Յանիս Դոմբրավան սահմանը փակելու մասին հայտնել է հուլիսի 31-ի երեկոյան՝ Բելառուսում գտնվող և Լատվիա վերադառնալ ցանկացող քաղաքացիներին կոչ անելով օգտվել այլ երթուղիներից։

Լատվիայի պետական սահմանապահ ծառայությունից պարզաբանել են, որ «Պատերնիեկի» անցակետում արձանագրվել են տեղեկատվական համակարգերի տեխնիկական խափանումներ, ինչի պատճառով սահմանային հսկողության իրականացումը ժամանակավորապես հնարավոր չէ։

Խափանման պատճառները և համակարգերի աշխատանքի վերականգնման հնարավոր ժամկետները դեռ պարզ չեն։ Լատվիայի կիբեռմիջադեպերի կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ համակարգերի նկատմամբ արտաքին ներգործության նշաններ չեն հայտնաբերվել։

«Պատերնիեկի»-ն Լատվիայի և Բելառուսի միջև գործող միակ սահմանային անցակետն է։ Մյուս՝ «Սիլենե» անցակետը Լատվիան փակել է 2023 թվականին՝ Բելառուսի ուղղությունից անկանոն միգրացիոն ճնշման պատճառով։

Աղբյուր՝ 24News.am