Կոլումբիայում ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեք զինվոր է զոհվել

Կոլումբիա10:52 | նոյեմբերի 8, 2026Կոլումբիայում ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեք զինվոր է զոհվել
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Կոլումբիայի հյուսիսում ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեք զինծառայող է զոհվել, ևս առնվազն 16-ը վիրավորվել են, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով բանակի հայտարարությանը։
Հարվածը հասցվել է Սան Լուկաս լեռնաշղթայի ստորոտում գտնվող Սանտա Ռոսա դել Սուր փոքր քաղաքի ռազմական օբյեկտին։ Իշխանությունները դեռ չեն պարզել, թե ով է կանգնած հարձակման հետևում։
Շրջանը հարուստ է ոսկու հանքավայրերով և վաղուց պայքարի առարկա է «Ծոցի կլան» հանցավոր խմբավորման, ապստամբական Ազգային ազատագրության բանակի (ԱԱԲ) և Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի նախկին անդամների ստեղծած փոքր կազմավորումների միջև։
«Այս հարձակման հետևում կանգնածները թաքնվելու տեղ չեն ունենա», — հայտարարել է Կոլումբիայի նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելյան։
Նա ընդգծել է, որ զինվորականների վրա հարձակումները միայն ամրապնդում են երկիրը պաշտպանելու իշխանությունների վճռականությունը։
Օգոստոսին դե լա Էսպրիելյայի պաշտոնը ստանձնելուց հետո Կոլումբիայի մի շարք գյուղական շրջաններում բռնությունն ուժեղացել է։ Պահպանողական նախագահը դադարեցրել է մնացած ապստամբական խմբավորումների հետ խաղաղ բանակցությունները և շեշտը դրել ավելի կոշտ միջոցների վրա՝ ավիահարվածներ, քաղաքներում ռազմական ներկայության ուժեղացում և ռազմավարական օբյեկտների պաշտպանության համար համատեղ օպերատիվ խմբերի ստեղծում։
Ի պատասխան՝ թմրակարտելներն ու ապստամբական կազմավորումներն ակտիվացրել են ուժայինների վրա հարձակումները։ Անցյալ շաբաթ Տոլիմա դեպարտամենտում ռազմաբազայի վրա հարձակման հետևանքով չորս խաղաղ բնակիչ է զոհվել։ Սահմանամերձ Կուկուտա քաղաքում ոստիկանները բազմիցս ենթարկվել են հարձակումների՝ հեռակառավարվող պայթուցիկ սարքերի կիրառմամբ։
Նախորդ վարչակազմը փորձում էր ապստամբների հետ պայմանավորվել հրադադարի շուրջ, սակայն բանակցությունները նշանակալի արդյունքներ չտվեցին։ Ներկայիս իշխանությունները պնդում են, որ զինված խմբավորումներն օգտագործել են հրադադարները՝ գյուղական տարածքների նկատմամբ վերահսկողությունն ամրապնդելու համար, որտեղ նրանք գումար են կորզում տեղական բիզնեսներից և եկամուտ ստանում թմրանյութերի առևտրից։
<!—>
Հասանելի է
[—>русский
Տեղադրություն
Իրադարձություն
Թեմա
Աղբյուրը՝ NEWS.am
