Կոլումբիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 100-ը

Կոլումբիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 100-ը

Կուլումբիայի արևմուտքում օգոստոսի 10-ին տեղի ունեցած 7,4 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 111 մարդ է զոհվել, 188 մարդ անհետ կորած է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի իշխանություններին։

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է նոսր բնակեցված Չոկոյի նահանգի Սան Խոսե դել Պալմար քաղաքի մոտ։ Զոհերի ամենամեծ թիվը բաժին է ընկել Ռիսարալդայի նահանգին, որի մայրաքաղաք Պերեյրայում կա առնվազն 66 զոհ, 53 մարդ փլատակներում է։

Մեծ ավերածություններ են գրանցվել արևմտյան Կալի քաղաքում, որտեղ շատերը նույնպես դեռ փլատակներում են։

Ըստ տեղական լրատվամիջոցների՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է 132 մարդ, սակայն օրեր առաջ նախագահի պաշտոնը ստանձնած Աբելարդո դե լա Էսպրիելյան Կալիում իր ելույթի ընթացքում զոհերի թարմացված տվյալներ չի ներկայացրել, նշում է Reuters-ը։

Նորընտիր նախագահը հայտարարել է, որ լրացուցիչ 1000 իրավապահ կուղարկվի Կալի՝ հասարակական կարգը պահպանելու համար։

Կալի, Արմենիա և Մանիսալես քաղաքների իշխանությունները պարետային ժամ են հայտարարել՝ կողոպուտներ և անկարգություններ թույլ չտալու համար։

CNN-ը նույնպես հաղորդում է առնվազն 132 զոհի մասին՝ հղում անելով Կոլումբիայի գլխավոր քաղաքների միությանը։ Եվս 570 մարդ վիրավորվել է։

Հունիսի վերջին 7,2 և 7,5 մագնիտուդով իրար հաջորդող հզոր երկրաշարժեր էին տեղի ունեցել Վենեսուելայում՝ ավելի քան 5000 մարդու կյանք խլելով։

Աղբյուր՝ 24News.am