Կիբերհարձակումը շարքից հանել է սառնարանները Եվրոպայի մի շարք երկրներում

Կիբերհարձակումը շարքից հանել է սառնարանները Եվրոպայի մի շարք երկրներում

Կիբեռանվտանգություն00:34 | նոյեմբերի 3, 2026Կիբերհարձակումը շարքից հանել է սառնարանները Եվրոպայի մի շարք երկրներում
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Կիբերհարձակումը շարքից հանել է սառնարանները Եվրոպայի մի շարք երկրներում<!—>

]—>

Եվրոպայում տասնյակ սուպերմարկետներ հայտնել են, որ գիշերվա ընթացքում իրենց սառնարանային խցիկներում և սառնարաններում ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է։ Դա հաքերային հարձակման վերաբերյալ մտավախություններ է առաջացրել՝ մի քանի շաբաթ առաջ Ֆրանսիայում տեղի ունեցած նմանատիպ կիբերհարձակումից հետո։

Տուժել են Բելգիայի, Շվեդիայի, Էստոնիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի և Իռլանդիայի սուպերմարկետների ցանցերը։

Կիբերհարձակման մասին առաջին հաղորդումները երկուշաբթի ստացվել են Բելգիայից։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ սառնարաններում ջերմաստիճանը բարձրացվել է մինչև 70 աստիճան ըստ Ցելսիուսի, ինչի հետևանքով ստիպված են եղել 100 հազար եվրոյի մթերք դեն նետել։

Բելգիական Le Soir պարբերականի տվյալներով՝ Բելգիայում տուժել են Delhaize Proxy-ի շուրջ 40 սուպերմարկետ, Carrefour Shop & Go-ի 15 խանութ և Spar Q8-ի հինգ ավտոլցակայան։ Մսամթերքի խանութների De Laet en Van Haver ցանցը նույնպես հայտնել է, որ իր սառնարանները տուժել են։

«Մենք հայտնաբերել ենք ՏՏ միջադեպ, որն ազդել է մի քանի տասնյակ խանութների սառնարանային համակարգերի վրա։ Մենք անմիջապես ձեռնարկել ենք անհրաժեշտ միջոցները՝ մեր խանութների անխափան աշխատանքն ապահովելու համար»,- Euronews-ին հայտնել է Delhaize ընկերության ներկայացուցիչը։

Մինչդեռ Carrefour-ի բելգիական ստորաբաժանման ներկայացուցիչ Միխ Վերգաուվենը հայտարարել է. «Դա կիբերհարձակում է, այլ պատճառներ չկան»՝ հավելելով, որ «հետևանքները խիստ սահմանափակ են»։

Ենթադրվում է, որ կիբերհանցագործները հարձակումն իրականացրել են կիրակի երեկոյից մինչև երկուշաբթի առավոտ ընկած ժամանակահատվածում, ինչի հետևանքով սառնարաններում ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է։

Առկա տվյալներով՝ անցած գիշեր խնդիրներ են առաջացել նաև շվեդական ICA սուպերմարկետների ցանցի մի շարք խանութներում։

Ըստ SuperValu ցանցի սեփականատեր Musgrave ընկերության հայտարարության՝ ենթադրյալ կիբերհարձակումից տուժել է Իռլանդիայում գործող այդ ցանցի 13 խանութ։

Էստոնիայում, տեղական լրատվամիջոցների տվյալներով, տուժել է Selver-ի միայն մեկ սուպերմարկետ։

Delhaize ընկերությունը միաժամանակ նախազգուշական նկատառումներով դադարեցրել է Լյուքսեմբուրգում իր պատվերների մշակման համակարգերի աշխատանքը՝ նման միջադեպը կանխելու համար։

Նիդեռլանդներում կիբերհարձակման հետևանքով տուժել են առնվազն 17 ձեռնարկությունների հովացման և սառեցման համակարգերը. դրա մասին լրատվամիջոցներին հայտնել է սառնարաններ մատակարարող ընկերության ներկայացուցիչը։ Նիդեռլանդների խոշոր սուպերմարկետները չեն տուժել։

Արձանագրված այս միջադեպերը հաջորդել են ընդամենը մի քանի շաբաթ առաջ՝ հոկտեմբերի 12-ին, Ֆրանսիայում տեղի ունեցած նմանատիպ հարձակմանը, երբ Intermarché և Coopérative U ցանցերի հարյուրավոր ֆրանսիական սուպերմարկետներ իրենց սառնարանային համակարգերի դեմ ուղղված կիբերհարձակման զոհ էին դարձել։

Սառնարանային սարքավորումների տեղադրմամբ զբաղվող Sabcobel ընկերության գլխավոր տնօրեն Ստեֆան Մոելանսը Belga լրատվական գործակալությանը հայտնել է, որ Բելգիայում հարձակումն իրականացվում է ճիշտ նույն մեխանիզմով, ինչ Ֆրանսիայում նախորդ կիբերհարձակումը։

«Վերջին մի քանի շաբաթների ընթացքում մենք շատ ջանասիրաբար աշխատել ենք՝ մեր հաճախորդների սառնարաններն այս խոցելիությունից պաշտպանելու համար»,- ասել է Մոելանսը։

Ընկերության ղեկավարը նշել է, որ խոցելիությունը վերացնելու համար միայն ծրագրային ապահովման թարմացումը բավարար չէ. դրա փոխարեն ֆիզիկական փոփոխություններ են անհրաժեշտ։

«Դա ներդրումներ է պահանջում։ Ամենապարզ լուծումը սառնարաններն անվտանգ ինտերնետային կապի միջոցով կառավարելն է։ Մեր հաճախորդների մեծ մասը Ֆրանսիայում տեղի ունեցած հարձակումից հետո անցել է այս եղանակին»։

Sabcobel ընկերությանը հայտնի է, որ ամբողջ Բելգիայում կառավարվող հարյուրավոր սարքերից տուժել են մոտ քսանը։

Հասանելի է

русский

Թեմա

ԿիբեռանվտանգությունՊարենՊատահարներ

Տեղադրություն

Եվրոպա

Աղբյուրը՝ NEWS.am