Կաթ, գինի և թաղման ծեսեր. ինչ են հայտնաբերել ավելի քան 2000 տարվա հնության անոթներում

Հին քաղաքակրթություններ03:42 | նոյեմբերի 18, 2026Կաթ, գինի և թաղման ծեսեր. ինչ են հայտնաբերել ավելի քան 2000 տարվա հնության անոթներում
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Հնագետները պարզել են, որ ավելի քան 2000 տարի առաջ իսպանական Մենորկա կղզու բնակիչները կաթնամթերքի, իսկ երբեմն էլ գինու ծիսական ընծայման համար բարձր ոտքով փոքր կավե անոթներ են օգտագործել։ Օրգանական նյութերի մնացորդների վերլուծությունը միաժամանակ օգնել է պարզել, որ կղզու հնագույն բնակիչները թաղման ծեսերում նորածիններին կերակրելու պարագաներ են ներառել։
Բարսելոնայի ինքնավար համալսարանի, Բարսելոնայի գերհամակարգչային կենտրոնի և Պոմպեու Ֆաբրայի համալսարանի հետազոտողներն ուսումնասիրել են 34 կավե անոթ, որոնք հայտնաբերվել են 2023–2024 թվականներին Կալեսկովեսի թաղման համալիրի թիվ 45 քարանձավում։ Արդյունքները հրապարակվել են Journal of Archaeological Science հանդեսում։
Փոքր անոթների մեծ մասում կաթնամթերքի հետքեր են հայտնաբերվել։ Որոշներում հայտնաբերվել են կենդանական ճարպեր և բուսական յուղեր։ Գինու հետքեր են հայտնաբերվել ընդամենը մի քանի առարկաների վրա, որոնց ձևը վկայում է միջերկրածովյան այլ մշակույթների, առաջին հերթին՝ փյունիկյան քաղաքակրթության ազդեցության մասին։
Դա այդ ժամանակաշրջանում Մենորկայում թաղման ծեսերում գինու օգտագործման առաջին վկայությունն է։ Հավանաբար, խմիչքը կղզի էր հասնում առևտրի շնորհիվ։ Ընդ որում, տեղացիները չէին հրաժարվում սեփական ավանդույթներից, այլ փոխառված անոթաձևերը հարմարեցնում էին իրենց սովորույթներին։
Հետազոտությունը միաժամանակ հաստատել է, որ կլորավուն իրանով և լցնելու քթիկով փոքր անոթը, որը նախկինում կապվում էր Իբիցայի մանկական թաղումների հետ, կարող էր ծառայել որպես նորածիններին կերակրելու շիշ։ Թաղման համալիրում դրա առկայությունը վկայում է նրա մասին, որ երեխաների խնամքն ու դրա հետ կապված առարկաները թաղման մշակույթի մաս էին կազմում։
Հնագետները ենթադրում են, որ քարանձավային համալիրի տարբեր հատվածներն օգտագործվել են տարբեր ծեսերի համար։ Թաղման խցերում գտնվել են հանգուցյալներին ուղեկցող առարկաներ, դրանց թվում՝ նորածիններին կերակրելու անոթներ։ Արտաքին բակերում, հավանաբար, ընծաներ էին մատուցում, համատեղ սնունդ ընդունում և հոգեհանգստյան ծեսեր կատարում։
Հետազոտությունը հնարավորություն է տվել ոչ միայն պարզել հնագույն անոթների պարունակությունը, այլև ավելի լավ հասկանալ, թե ինչպես էին Մենորկայի բնակիչները պահպանում սեփական մշակութային ինքնությունը՝ միաժամանակ յուրացնելով Միջերկրական ծովի տարածաշրջանի այլ ժողովուրդների ավանդույթների տարրերը։
Հասանելի է
Թեմա
Հին քաղաքակրթություններՀնագիտությունՊատմական թաղումներ
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
