Իտալացիները նոր սուպերքարում վերակենդանացրել են լեգենդար Ferrari-ի կերպարը

Ավտոաշխարհ04:01 | հոկտեմբերի 31, 2026Իտալացիները նոր սուպերքարում վերակենդանացրել են լեգենդար Ferrari-ի կերպարը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
1978 թվականին իտալական Michelotto ընկերությունը, որը Պադուայում զբաղվում էր Ferrari-ի վաճառքով և տեխնիկական սպասարկմամբ, սկսեց կենտրոնական շարժիչով Ferrari 308 GTB կուպեների հիման վրա սեփական նախագծով ավտոմեքենաներ կառուցել՝ 4 և B խմբերի ռալիներին մասնակցելու համար։ Տարբեր մրցումներում այդ մեքենաները մասնակցել են մինչև 1986 թվականը և, թեև մեծ հաջողությունների չեն հասել, Ferrari-ն այս գլուխը ևս ներառել է իր պատմության տարեգրության մեջ. Michelotto-ի մրցարշավային 308 GTB Gruppo 4 մեքենաներից մեկը ներկայացված է Մարանելլոյում գտնվող Ferrari-ի գործարանային թանգարանի ցուցադրությունում։
Այդ պատմության սկզբից գրեթե հինգ տասնամյակ անց կոնստրուկտոր և ձեռնարկատեր Ֆրանչեսկո Կալցավարան, որը նախկինում աշխատել է Michelotto-ում, իր նախկին գործատուի աջակցությամբ վերակերտել է այդ նախագիծը ժամանակակից տեխնոլոգիական մակարդակով, բայց զուտ առևտրային նպատակներով, հայտնում է Drom.ru-ն։
Ո՛չ, նա որպես հիմք չի վերցրել Ferrari-ի ժամանակակից կուպեներից որևէ մեկը։ Նրա Michelotto Gruppo 4 Tributo-ն ամբողջությամբ նոր է պատրաստված՝ սեփական նախագծով. զրոյից ստեղծվել են թե՛ կրող կառուցվածքը՝ մետաղական խողովակներից կազմված հիմնակմախքը, թե՛ թափքը՝ ածխապլաստիկից արտաքին վահանակները։
Michelotto Gruppo 4 Tributo-ի թափքը մանրամասնորեն վերարտադրում է Ferrari GTB-ի ձևը, սակայն պատճենման մասին խոսք չկա. նորույթը զգալիորեն ավելի խոշոր է իր «նախահորից»։ Gruppo 4 Tributo-ում վերարտադրել են նույնիսկ Ferrari 308 GTB-ի նման բարձրացվող առջևի լուսարձակները։
Michelotto Gruppo 4 Tributo-ի սրահը զուտ գործառնական է. առջևի վահանակն ընդամենը դարակաձև հարթակ է՝ սլաքային գործիքների գրաֆիկական պատկերներով էկրանով, ցուցիչներով փոխարկիչների հավաքածուով և օդափոխության երկու վանդակաճաղով։ Ղեկը զուտ մրցարշավային է. հիմքը կտրված է մետաղական թերթից, որին ամրացված է թավշանման մակերեսով փափուկ պոլիմերով պատված օղակը՝ «ժամը 12-ի դիրքում» կարմիր նշումով։ Կովշաձև նստատեղերը տեղադրված են անմիջապես մերկ շասսիի վրա՝ առանց հարդարման կամ ձայնամեկուսացման որևէ նշույլի։
Սակայն Michelotto Gruppo 4 Tributo-ի սրահում հարդարման բացակայությունը լիովին արդարացվում է ժամանակակից ավտոարդյունաբերության չափանիշներով դրա բացառիկ ցածր չոր զանգվածով՝ 950 կգ, ինչը նույնիսկ Ferrari 308 GTB-ի ցուցանիշից ամբողջ 140 կգ-ով պակաս է։ Փոխանցումների փոխարկման սխեմայում երկրորդ և երրորդ, ինչպես նաև չորրորդ և հինգերորդ փոխանցումները տեղադրված են միմյանց դիմաց, որպեսզի ամենահաճախ օգտագործվող միջակայքի փոխանցումները փոխարկելը լինի ավելի հեշտ և արագ։
Michelotto Gruppo 4 Tributo-ի շարժիչը մթնոլորտային 3,4 լիտրանոց բենզինային V8 է՝ 380 ձիաուժ հզորությամբ և 365 Նմ պտտապահով։
Մեքենայի եզրաչափային երկարությունն ու լայնությունը համապատասխանաբար 4230 և 1911 մմ են (առջևի մասի լայնությունը՝ 1860 մմ), առջևի անիվների անվահետքը՝ 1500 մմ, հետևինը՝ 1525 մմ, անվաբազան՝ 2340 մմ։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
Այլ
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
