Իսրայելի նախագահը Գադի Այզենկոտին պաշտոնապես հանձնարարել է կառավարություն ձևավորել

Գադի Այզենկոտ20:27 | նոյեմբերի 8, 2026Իսրայելի նախագահը Գադի Այզենկոտին պաշտոնապես հանձնարարել է կառավարություն ձևավորել
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի Այզենկոտին պաշտոնապես հանձնարարել է ձևավորել երկրի նոր կառավարությունը, հայտնում է The Times of Israel-ը։
Նրա թեկնածությանը սատարել է Քնեսեթի 67 պատգամավոր, մինչդեռ գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուի օգտին արտահայտվել է 46 խորհրդարանական։
Հերցոգը հայտարարել է, որ Այզենկոտը պատգամավորների մեծամասնության «հստակ և միանշանակ աջակցությունն» է ստացել այն հարցում, թե ով ունի կառավարություն ձևավորելու լավագույն հնարավորությունները։ Միաժամանակ նախագահն ընդունել է, որ «Լիկուդը» շարունակում է մնալ երկրի ամենամեծ կուսակցությունը։
Նա Այզենկոտին կոչ է արել ձևավորել նախարարների կաբինետ, որը կծառայի բոլոր իսրայելցիների շահերին՝ թե՛ հեռացող կառավարության օգտին քվեարկածների, թե՛ դրան հակադրվող քաղաքական դաշինքին աջակցածների։
«Ամբողջ սրտով ցանկանում եմ, որ ձևավորվող ցանկացած կառավարություն նպաստի մեր ժողովրդի բոլոր հատվածների միասնությանը, համախմբմանն ու ապաքինմանը», — հայտարարել է Հերցոգը։
Այզենկոտն իր հերթին զգուշացրել է, որ Իսրայելն ապրում է «արտակարգ դրության բարդ և ճակատագրական ժամանակաշրջան»։ Ըստ նրա, երկիրը բախվում է շարունակվող պատերազմների, չկատարված ռազմական խնդիրների և «կործանարար դիվանագիտական ճգնաժամի»։ Նույնիսկ Իսրայելի ամենամերձավոր դաշնակիցներից ոմանք վերանայում են նրա հետ հարաբերությունները, նշել է քաղաքական գործիչը։
Ներքաղաքական առումով, Այզենկոտի գնահատմամբ, երկիրն ապրում է «իսրայելական ժողովրդավարության ողջ պատմության ամենախոցելի պահերից մեկը»։ Նա զգուշացրել է, որ ժողովրդավարական ինստիտուտները վարկաբեկելու փորձերը և պետական հաստատությունների նկատմամբ աճող անվստահությունը իրավիճակը հասցրել են «չափազանց վտանգավոր կետի»։
«Այսօր ստանալով այս մանդատը՝ ես կգլխավորեմ ազգային արտակարգ դրության կառավարության ձևավորումը։ Դրա համար կպահանջվեն ստեղծագործական և ոչ ստանդարտ քաղաքական քայլեր», — հայտարարել է Այզենկոտը։
Նա ընդգծել է, որ Իսրայելը չի կարող իրեն թույլ տալ ժամանակ կորցնել կամ կրկին ընկղմվել ընտրարշավների անվերջ շղթայի մեջ։
«Յաշարի» առաջնորդը բոլոր խորհրդարանական խմբակցություններին և ընտրված ներկայացուցիչներին կոչ է արել միանալ կառավարության ձևավորմանը։ Նա նշել է, որ ինքը պատրաստ է համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր գիտակցում են իրավիճակի լրջությունը և պատրաստ են գործել պետության շահերից ելնելով։
Այզենկոտն առանձին դիմել է Նեթանյահուի քաղաքական դաշինքի ներկայացուցիչներին՝ առաջարկելով նրանց աջակցել իր կառավարությանը՝ իր ներկայացրած չորս հիմնական սկզբունքներին համաձայնելու պայմանով։ Նա ընդգծել է, որ միասնությունն իր համար ոչ քաղաքական սակարկության գործիք է, ոչ էլ դատարկ կարգախոս, այլ բարձրագույն արժեք, որը ենթադրում է իրական գործընկերություն։
«Եթե «Լիկուդի» և «Կրոնական սիոնիզմի» ներկայացուցիչներն իսկապես կարծում են, որ այժմ միասնության ժամանակն է, ինչպես նրանք հայտարարել են նախագահին, ես չեմ տեսնում պատճառներ, թե ինչու նրանք չեն կարող հանդես գալ և աջակցել իմ ղեկավարությամբ կառավարությանը և իմ նախանշած սկզբունքներին», — ասել է քաղաքական գործիչը։
Միաժամանակ Այզենկոտը չի հիշատակել ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրի «Օցմա Յեհուդիտ» կուսակցությունը։ Ավելի վաղ «Յաշարի» ցուցակի երկրորդ համար Յորամ Քոենը բացառել էր այդ կուսակցության հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը։ Ինքը՝ Այզենկոտը, նախկինում հայտարարել էր, որ «Լիկուդը» կարող է միանալ իր կոալիցիային՝ առանց Նեթանյահուի։
Միևնույն ժամանակ քաղաքական գործիչը հնարավոր գործընկերներին զգուշացրել է անձնական պատճառներով բանակցությունները տապալելու փորձերից։ Ապագա կաբինետի կազմի շուրջ «Մեր տունը Իսրայելն է» կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանի հետ տարաձայնությունների ֆոնին նա հայտարարել է, որ փոխզիջումն անհրաժեշտ կլինի, և ոչ մի կուսակցություն չի կարողանա կատարել իր բոլոր նախընտրական խոստումները։
«Նա, ով կփորձի խոչընդոտել կառավարության ձևավորմանը անձնական, այլ ոչ թե սկզբունքային պատճառներով, պատմության մեջ կմնա որպես մարդ, որը չկարողացավ փրկել Իսրայելը արտակարգ պահին», — զգուշացրել է Այզենկոտը։
Նա խոստացել է առաջիկա քաղաքական դժվարությունները հաղթահարել համբերությամբ, խոնարհությամբ և զսպվածությամբ՝ առաջնորդվելով «հրեական, ժողովրդավարական, իրավահավասար, ազատական և անվտանգ Իսրայելի» գաղափարին նվիրվածությամբ։
Հասանելի է
Անձ
Թեմա
Կառավարության ձևավորումՔաղաքականություն
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
