Իրանը հաջորդ ամիս կհյուրընկալի Կասպից ծովի ափամերձ համաժողովը․ պաշտոնական

Իրանը հաջորդ ամիս կհյուրընկալի Կասպից ծովի ափամերձ համաժողովը․ պաշտոնական

Հաջորդ ամիս Իրանում կանցկացվի Կասպից ծովի հինգ ափամերձ պետությունների բարձր մակարդակի ներկայացուցիչների մասնակցությամբ համաժողով։

APA-ի Թեհրանի բյուրոյի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։ Նա նշել է, որ ափամերձ պետությունների համաձայնությամբ ստեղծվել են պայմաններ համաժողովը Թեհրանում անցկացնելու համար, և սեպտեմբերի 23-ին նախատեսված է Կասպից ծովի հինգ ափամերձ պետությունների բարձր մակարդակի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում։

Ղարիբաբադին ընդգծել է, որ ափամերձ պետությունների մասնակցությունը Թեհրանում կայանալիք հանդիպմանը կարող է հնարավորություններ ստեղծել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման, երկկողմ և բազմակողմ կապերի ամրապնդման, կարծիքների փոխանակման և ապագայում ավելի կառուցողական փոխգործակցության հիմք դնելու համար։

Աղբյուր՝ 24News.am