Ինչպես կարող է Հնդկական օվկիանոսի ջերմաստիճանը փոխել դեկտեմբերյան եղանակը Եվրոպայում

Ինչպես կարող է Հնդկական օվկիանոսի ջերմաստիճանը փոխել դեկտեմբերյան եղանակը Եվրոպայում

Շրջակա միջավայր05:26 | հոկտեմբերի 30, 2026Ինչպես կարող է Հնդկական օվկիանոսի ջերմաստիճանը փոխել դեկտեմբերյան եղանակը Եվրոպայում
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Ինչպես կարող է Հնդկական օվկիանոսի ջերմաստիճանը փոխել դեկտեմբերյան եղանակը Եվրոպայում<!—>

]—>

Հնդկական օվկիանոսի արևադարձային հատվածում ջերմաստիճանի տատանումները կարող են ազդել ձմռան սկզբին Եվրոպայում տեղումների բաշխման և ցիկլոնների ակտիվության վրա։ Հետազոտությունը ցույց է տվել, որ Հնդկական օվկիանոսի դիպոլի դրական փուլը կապված է Հյուսիսային Ատլանտիկայի որոշ շրջաններում ավելի խոնավ պայմանների և Միջերկրածովյան տարածաշրջանի արևմտյան ու կենտրոնական հատվածներում ավելի չոր եղանակի հետ։ Այդ օրինաչափությունն առավել հստակ դրսևորվում է դեկտեմբերին։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Geophysical Research Letters հանդեսում։

Հնդկական օվկիանոսի դիպոլը կլիմայական երևույթ է, որի դեպքում օվկիանոսի արևմտյան և արևելյան հատվածների մակերևութային ջերմաստիճանները տարբերվում են։ Դրական փուլում Հնդկական օվկիանոսի արևմտյան հատվածը, սովորական արժեքների համեմատ, ավելի տաք է արևելյանից, իսկ բացասական փուլում դիտվում է հակառակ պատկերը։ Որպես կանոն՝ երևույթն իր առավելագույն ուժգնությանն է հասնում Հյուսիսային կիսագնդի աշնանը։

Արևադարձային օվկիանոսի ջերմաստիճանն ազդում է օդի բարձրացման գործընթացների և տեղումների բաշխման վրա, իսկ խոնավության խտացման ժամանակ անջատվող ջերմությունը կարող է փոխել մթնոլորտային շրջանառությունը։ Այդ փոփոխությունները կարող են տարածվել մեծ հեռավորությունների վրա և ազդել կլիմայական տատանումների աղբյուրից հեռու գտնվող շրջանների եղանակի վրա։ Նման փոխկապակցվածությունները գիտնականներն անվանում են հեռակապեր։

Հետազոտողները վերլուծել են 1979–2024 թվականների տվյալները՝ ուսումնասիրելով մթնոլորտային ճնշումը, տեղումների տարբեր բնութագրերը և ցիկլոնների հետագծերը Հյուսիսային Ատլանտիկայի, Եվրոպայի և Միջերկրածովյան տարածաշրջանի վերևում։ Քանի որ Հնդկական օվկիանոսի դիպոլը կարող է զարգանալ Էլ Նինյոյի հետ միաժամանակ, գիտնականները վիճակագրորեն հաշվի են առել այդ երևույթների միջև գծային կապը՝ դիպոլին առնչվող ազդանշանն առանձին գնահատելու համար։

Առավել արտահայտված փոխկապակցվածությունը հայտնաբերվել է դեկտեմբերին։ Հնդկական օվկիանոսի դիպոլի դրական փուլին համապատասխանել է ուսումնասիրվող տարածքի հյուսիսային և հարավային շրջանների միջև տեղումների հակադիր բաշխում։ Հյուսիսային Ատլանտիկայի որոշ հատվածներում պայմաններն ավելի խոնավ են եղել, մինչդեռ Միջերկրածովյան տարածաշրջանի արևմտյան և կենտրոնական հատվածներում դիտվել է տեղումների քանակի նվազման միտում։

Տարբերությունները վերաբերել են ոչ միայն անձրևների ընդհանուր քանակին, այլև անձրևային օրերի հաճախականությանն ու տեղումներով ժամանակահատվածների տևողությանը։ Բացի այդ, հետազոտողները հայտնաբերել են ցիկլոնային ակտիվության նվազում Արևելյան Ատլանտիկայի և Արևմտյան Միջերկրածովի վերևում։ Ձմռան հաջորդ ամիսներին այս փոխկապակցվածության ընդհանուր արտահայտվածությունը թուլացել է։

Գիտնականները նաև ուսումնասիրել են ցիկլոնների ձևավորման և զարգացման վրա ազդող մթնոլորտային պայմանները։ Դրանց ակտիվության փոփոխությունները համապատասխանել են բարոկլինության՝ մթնոլորտի այն բնութագրերի փոփոխություններին, որոնք կապված են առաջին հերթին քամու ուղղահայաց սահքի և ջերմաստիճանի հորիզոնական հակադրությունների հետ։ Այս գործոնները կարևոր դեր են խաղում արտաարևադարձային փոթորիկների զարգացման գործում, որոնք էներգիա են ստանում տաք և սառը օդային զանգվածների միջև տարբերությունների շնորհիվ։

Միաժամանակ հեղինակներն ընդգծում են, որ հայտնաբերված կապը թույլ չի տալիս նախապես կանխատեսել եղանակը Եվրոպայի որևէ կոնկրետ շրջանում՝ որևէ տարվա դեկտեմբերին։ Վիճակագրական օրինաչափությունն արտացոլում է երկար տարիների ընթացքում դիտված միտումները, սակայն չի բացառում մթնոլորտի բնական փոփոխականությունը և կլիմայական այլ գործոնների ազդեցությունը։

Հետազոտությունը չի ապացուցել նաև, որ Հնդկական օվկիանոսի դիպոլը հաշվի առնելն արդեն իսկ բարձրացնում է սեզոնային կանխատեսումների ճշգրտությունը։ Դրա համար անհրաժեշտ է առանձին ստուգել կանխատեսման մոդելները և պարզել՝ արդյոք օվկիանոսի վերաբերյալ տվյալների ներառումն իսկապես թույլ է տալիս ստանալ ավելի հուսալի արդյունքներ։

Ընդսմին, ստացված տվյալներն օգնում են որոշել, թե որ շրջանները, տեղումների որ բնութագրերը և ձմռան որ ժամանակահատվածները կարող են առավել զգայուն լինել Հնդկական օվկիանոսի արևադարձային հատվածում տեղի ունեցող փոփոխությունների նկատմամբ։ Այդ փոխկապակցվածությունները հաշվի առնելը հետագայում կարող է գիտնականներին օգնել կատարելագործելու Եվրոպայի եղանակի սեզոնային կանխատեսման մեթոդները։

Հասանելի է

русский

Թեմա

Շրջակա միջավայրԳիտությունԵղանակի կանխատեսում

Տեղադրություն

Հնդկական օվկիանոս

Աղբյուրը՝ NEWS.am