Ինչ ենք անտեսում բնական ռիսկերը գնահատելիս․ պատրաստ ենք արդյոք հաջորդ աղետին

Կլիմայի փոփոխություն05:46 | 26 նոյեմբերի, 2026Ինչ ենք անտեսում բնական ռիսկերը գնահատելիս․ պատրաստ ենք արդյոք հաջորդ աղետին
լսել հոդվածը նախընտրելի դարձնել
<!—>]—>
Բնական վտանգները, բնակչության խոցելիությունը և սպառնալիքների ազդեցությանը ենթարկվածության աստիճանը սերտորեն փոխկապակցված են և ժամանակի ընթացքում փոխվում են։ Ուստի աղետների ռիսկի գնահատումը պետք է հաշվի առնի ոչ միայն այս գործոններից յուրաքանչյուրն առանձին, այլև դրանց փոխազդեցությունը։ Այս եզրակացությանն է հանգել հետազոտողների միջազգային խումբը։ Աշխատանքը հրապարակվել է Risk Analysis ամսագրում։
Հետազոտությանը մասնակցել են Կիրառական համակարգային վերլուծության միջազգային ինստիտուտի (IIASA), իտալական EURAC Research կենտրոնի, NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի և Սթենֆորդի համալսարանի մասնագետները։
Կլիմայական և բնական ռիսկերի գնահատման ավանդական մոդելները սովորաբար դիտարկում են երեք բաղադրիչ. բուն վտանգը, մարդկանց ու օբյեկտները, որոնք կարող են տուժել, ինչպես նաև նրանց խոցելիությունը։ Այնուհետև այս ցուցանիշները համադրվում են՝ ռիսկի ընդհանուր գնահատական ստանալու համար։ Սակայն նման մոտեցումը կարող է հաշվի չառնել դրանց միջև հետադարձ կապերը, որոնք ազդում են աղետների զարգացման և դրանցից հետո համայնքների վերականգնվելու կարողության վրա։
Հեղինակներն առաջարկում են այս գործոնները դիտարկել որպես մեկ միասնական, փոխկապակցված համակարգ։ Օրինակ՝ բնական պայմանների փոփոխությունը կարող է ազդել մարդկանց բնակեցման վրա, իսկ բնակավայրերի զարգացումը՝ մեծացնել ապագա տարերային աղետների հնարավոր վնասը։ Ընդ որում, ռիսկի նվազեցման նպատակով ընդունվող որոշումները կարող են ինչպես ուժեղացնել, այնպես էլ թուլացնել փոխկապակցված սպառնալիքները։
«Վտանգները, դրանց ենթարկվածությունը և խոցելիությունը գլուխկոտրուկի անփոփոխ տարրեր չեն։ Դրանք զարգանում են համատեղ, ընդ որում՝ դրանց փոխազդեցությունը կարող է ինչպես մեծացնել ռիսկը, այնպես էլ, իդեալական դեպքում, նվազեցնել այն»,- նշել է հետազոտության համահեղինակ, IIASA-ի ներկայացուցիչ Շտեֆան Հոխրայներ-Շտիգլերը։
Նման մոտեցման օրինակ է Նիդերլանդներում իրականացված Room for the River ծրագիրը։ Հռենոսի և Մաասի ավազաններում 1993 և 1995 թվականների խոշոր ջրհեղեղներից հետո իշխանությունները որոշեցին չսահմանափակվել պատնեշների ամրացմամբ։ Փոխարենը նրանք սկսեցին ընդլայնել գետերի համար նախատեսված տարածքը՝ վերականգնել ողողատները, տեղափոխել պաշտպանական կառույցները և ստեղծել լրացուցիչ հուներ՝ ջուրը հեռացնելու համար։ Ծրագիրը հաշվի էր առնում ոչ միայն ջրհեղեղների սպառնալիքը, այլև այն, թե ինչպես են հողօգտագործումն ու ենթակառուցվածքների տեղակայումը ազդում տարերային աղետների հետևանքների վրա։ Այս փորձը հետագայում ազդեց այլ երկրներում գետերի կառավարման և կլիմայի փոփոխությանը հարմարվելու ռազմավարությունների վրա։
Մեկ այլ խնդիր է այն, որ անցյալի օրինաչափությունները միշտ չէ, որ թույլ են տալիս հուսալիորեն կանխատեսել ապագա ռիսկերը։ Նույնիսկ եթե մասնագետները կարողանում են գնահատել բնական վտանգների հավանական զարգացումը, նրանց համար շատ ավելի դժվար է կանխատեսել, թե ինչպես կփոխվեն բնակչության թվաքանակը, ենթակառուցվածքները և համայնքների խոցելիությունը։
«Վտանգի, դրան ենթարկվածության և խոցելիության ցուցանիշների բազմապատկմամբ ստացված ռիսկի գնահատականն այնքանով է հուսալի, որքանով հուսալի է այդ բաղադրիչներից ամենաքիչ կանխատեսելին»,- ընդգծել է աշխատանքի գլխավոր հեղինակ, EURAC Research-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Դյունանը։ Ըստ նրա՝ վերջնական թիվը կարող է ճշգրտության կեղծ տպավորություն ստեղծել, եթե հաշվի չառնվեն կանխատեսումների սահմանափակումները։
Հետազոտողները կոչ չեն անում հրաժարվել ռիսկի գնահատման համընդունված բանաձևից, որը կիրառվում է, մասնավորապես, Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի (ԿՓՓՄԽ) զեկույցներում։ Նրանք կարծում են, որ այն պետք է կիրառել՝ հաշվի առնելով բաղադրիչների փոխկապակցվածությունը, ժամանակային մասշտաբները և առանձին տարածաշրջաններում տեղի ունեցող փոփոխությունները։
Հեղինակները նաև մատնանշում են դիմակայունության բարձրացմանն ուղղված համակարգային միջոցառումների կարևորությունը՝ բազմաֆունկցիոնալ վաղ նախազգուշացման համակարգեր, սոցիալական պաշտպանություն, ենթակառուցվածքների զարգացում և կառավարման բարելավում։ Նման լուծումները հնարավորություն են տալիս միաժամանակ հաշվի առնելու մի քանի սպառնալիք և հարմարվելու փոփոխվող պայմաններին։
«Աղետներին պատրաստվածության, վերականգնման և զարգացման վերաբերյալ որոշումները երկար տարիներ ազդում են ռիսկերի վրա։ Սակայն դրանք անհրաժեշտ է ընդունել՝ հաշվի առնելով փոխկապակցվածությունների ամբողջ համակարգը»,- նշել է հետազոտության համահեղինակ Ռայնհարդ Մեխլերը։
Հասանելի է
Թեմա
