Իմ կտավները բուժում են մարդկանց՝ կյանք են նորոգում․ Շմավոն Շմավոնյան

«Հավերժություն» կտավը նվիրված է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհ դարձած լոսանջելեսցի հրշեջների ու ոստիկանների հիշատակին, իմ այդ կտավը գտնվում է Գլենդելի քաղաքապետարանում։ 24News-ի «Անուշադրության կենտրոն» հաղորդաշարի եթերում ասաց Հայաստանի վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանը։
«Հույս» կտավը ցուցադրված է Գլենդելի Մեմորիալ հիվանդանոցի ծանր թերապիայի բաժանմունքի դիմաց բուժառուներին խաղաղություն փոխանցելու համար։ Եղել է դեպք, երբ բուժառուները ինձ փոխանցել են իրենց ապրումները՝ կապված այդ նկարի հետ, նշելով, որ իմ կտավը բուժիչ ազդեցություն է ունեցել իրենց վրա։ Իհարկե, ինձ համար շատ կարևոր է մարդուն կտավի միջոցով կենսախնդություն և սեր փոխանցելը», – պատմեց նկարիչը։
«Արվեստը պետք է քո երկրի հոգին լինի, հակառակ դեպքում, հատկապես դրսում, չես ընկալվի, որովհետև ամենամեծ դիվանագիտությունն արվեստն է։ Արվեստագետն ինքը դիվանագետ է», – ընդգծեց նա։
«Մարդիկ բարիքի մեջ պետք է լինեն, հոգսերից դուրս պիտի գան։ Հոգսը մարդուն քամում է, չի թողնում առաջ ընթանալ: Արվեստագետը և արվեստը պետք է ուշադրության կենտրոնում լինեն նաև քո պետության կողմից։ Հուսանք, որ այդպես կլինի, կգա այդ ժամանակը, որովհետև մեծ արվեստագետներ ստեղծում է ուժեղ և կայացած պետությունը», – ստեղծագործական ընթացքի մասին խոսելիս ասաց նկարիչը։
Աղբյուր՝ 24News.am
