Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։15-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, 2 հոգի՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Վասակ Առաքելյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Շուշիկ Իվանյանը և Հակոբ Հակոբյանը։
Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Գագիկ Առաքելյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը։Ֆոտոլրագրողի տեղեկություններով 5 վիրավորներից 2-ը օտարերկրացիներ են։
Աղբյուր՝ 24News.am
