ԻՀՊԿ-ն ներկայացրել է Իրանի նոր ստորգետնյա «հրթիռային քաղաքը»

Իրան17:22 | նոյեմբերի 10, 2026ԻՀՊԿ-ն ներկայացրել է Իրանի նոր ստորգետնյա «հրթիռային քաղաքը»
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ներկայացրել է նոր ստորգետնյա հրթիռային համալիր, որն անվանվել է «հրթիռային քաղաք», հաղորդում է Mehr-ը։
Արարողությանը ներկա են եղել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդոլլահին և ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Սեյեդ Մաջիդ Մուսավին։
«Առաջադեմ հրթիռները հակառակորդին կզարմացնեն մարտի դաշտում իրենց ազդեցությամբ», — հայտարարել է Աբդոլլահին։ Արարողության ընթացքում բարձրաստիճան զինվորականները զննել են համալիրի մի մասը և ծանոթացել ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրթիռային ստորաբաժանումների հնարավորություններին ու մարտական պատրաստականությանը։

Նոյեմբերի 7-ին ԻՀՊԿ ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Հոսեյն Մոհեբբին ազդարարել էր նոր ստորգետնյա հրթիռային համալիրի բացման և ռազմական այլ մշակումների ներկայացման մասին՝ դրանք անվանելով խոշոր առաջընթաց։
Մոհեբբիի խոսքով՝ ԻՀՊԿ օդատիեզերական ուժերն օպերատիվ կերպով հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արտադրական գծերը երկրի մակերևույթից տեղափոխել են ստորգետնյա կառույցներ։ Այսպիսով, Իրանն սպառազինության ստորգետնյա պահեստների ստեղծումից անցնում է ամբողջական «հրթիռային քաղաքների» կառուցմանը, որտեղ ռազմական տեխնիկան ոչ միայն տեղակայվում է, այլև արտադրվում։

Ուժերի հիմնական ձեռքբերումների թվում Մոհեբբին նշել է սեփական օդատիեզերական տեխնոլոգիաների զարգացումը, սպառազինության զանգվածային արտադրությունը և արտասահմանյան մատակարարումներից կախվածության նվազեցումը։ Մասնավորապես, նա հիշատակել է Shahed-136 անօդաչու թռչող սարքը, Arman հրթիռները, 358 անօդաչու թռչող սարքերը և «Խորդադ-3» զենիթահրթիռային համալիրը։ ԻՀՊԿ ներկայացուցչի պնդմամբ՝ Իրանը նաև արտահանում է սեփական ռազմական մշակումներից մի քանիսը։
Մոհեբբին հայտարարել է, որ օդատիեզերական ուժերն ի վիճակի են շարունակել հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արտադրությունը նույնիսկ ինտենսիվ ռմբակոծությունների պայմաններում։ Բացի այդ, նրա խոսքով՝ Իրանը կատարելագործում է սպառազինության ռադիոլոկացիոն նկատելիության նվազեցման տեխնոլոգիաները՝ հակառակորդի բազմաշերտ հակաօդային պաշտպանությունը հաղթահարելու համար։

ԻՀՊԿ ներկայացուցիչը նաև պնդել է, որ ամերիկա-իսրայելական ռազմական արշավի ընթացքում իրանական ուժերը որսացել և ոչնչացրել են հակառակորդի ավելի քան 260 ինքնաթիռ և այլ թռչող սարք, այդ թվում՝ F-35, F-16, F-5 և F-18 կործանիչներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր։ Նա ընդգծել է, որ այս թիվը չի ներառում Իրանի բանակի գործողությունների արդյունքները։ Հաղորդագրության մեջ ներկայացված տվյալների անկախ հաստատում չկա։
Մոհեբբիի խոսքով՝ Իրանը զարգացնում է համագործակցությունը համալսարանների, գիտահետազոտական հաստատությունների և արդյունաբերական ձեռնարկությունների հետ՝ ձգտելով ապահովել պատերազմի ժամանակ սպառազինության անխափան արտադրությունը։ Նա նաև հայտարարել է, որ հակառակորդի հետ դիմակայության նոր՝ երրորդ փուլի դեպքում ԻՀՊԿ-ն կներկայացնի լրացուցիչ ռազմական մշակումներ, որոնք պետք է ցուցադրեն երկրի զսպման ներուժը։
Թեհրանում ստորգետնյա հրթիռային համալիրները դիտարկում են որպես պաշտպանական ենթակառուցվածքի տարր, որը կոչված է բարձրացնելու զինված ուժերի դիմակայունությունը և ամրապնդելու պատասխան հարվածներ հասցնելու Իրանի հնարավորությունները։
<!—>
Հասանելի է
[—>русский
Տեղադրություն
Կազմակերպություն
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս
Թեմա
Աղբյուրը՝ NEWS.am
