Հութիները հայտարարել են Նաջրանում գտնվող ենթակառուցվածքին հարվածելու մասին

Եմենի «Անսար Ալլահ» շարժումը (հութիները) հայտարարել է, որ հարված է հասցրել Սաուդյան Արաբիայի պետական նավթային ընկերության՝ Saudi Aramco-ի՝ Նաջրանում գտնվող ենթակառուցվածքին։ Շարժման հայտարարությունը մեջբերում է Եմենի պետական Saba լրատվական գործակալությունը։
Հութիների պնդմամբ՝ հարվածն իրականացվել է անօդաչու թռչող սարքի միջոցով։ Գործակալության աղբյուրը նաև հայտնել է, որ շարժումը խոցել է նախատեսված թիրախը։ Saba-ն կամ այլ լրատվամիջոցներ առայժմ տեղեկություններ չեն հրապարակել հնարավոր ավերածությունների մասին։
Երեկ հութիները հարվածել էին Ջիզանում գտնվող ընկերության նավթավերամշակման գործարանին։ Շարժումը Սաուդյան Արաբիայի տարածքին հարվածներ է հասցնում հուլիսի վերջից։
«Անսար Ալլահը» պահանջում է վերացնել թագավորության կողմից հայտարարված ծովային շրջափակումը Եմենի՝ հութիների վերահսկողության տակ գտնվող տարածքների նկատմամբ։
Աղբյուր՝ 24News.am
