Հռոմի պապ Լևոն XIV-ը քվեարկել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում

Ընտրություններ10:34 | հոկտեմբերի 31, 2026Հռոմի պապ Լևոն XIV-ը քվեարկել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Հռոմի պապ Լևոն XIV-ը փոստով քվեարկել է ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններում՝ դառնալով ամերիկյան ընտրություններին մասնակցած առաջին պոնտիֆիկոսը։ Ինչպես ուրբաթ օրը հայտնել են Վատիկանից, Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը քվեաթերթիկն ուղարկել է Չիկագո։
«Սրբազան հայրը համոզմունք է հայտնել, որ քաղաքացիներն իրավունք և պարտականություն ունեն մասնակցելու ժողովրդավարական գործընթացներին»,- ասվում է Վատիկանի հայտարարության մեջ։
Պապականության պատմությանն առնչվող մի քանի գրքերի հեղինակ, բրիտանացի պատմաբան Մայքլ Ուոլշը կարծում է, որ Լևոն XIV-ը, ամենայն հավանականությամբ, դարձել է առաջին պապը, որը քվեարկել է աշխարհիկ ժողովրդավարական ընտրություններում, փոխանցում է CNN-ը:
Ընդ որում, պատմական վկայություններ չկան այն մասին, որ նրա նախորդները երբևէ մասնակցել են նմանատիպ քվեարկությունների:
Սուրբ Աթոռի առաջին ամերիկացի գահակալը որպես ընտրող գրանցված է մկրտության ժամանակ ստացած իր անունով՝ Ռոբերտ Ֆրենսիս Պրևո։ Նա գրանցված է Չիկագոյի Նյու Լենոքս արվարձանում, որտեղ ապրում է նրա եղբայրը՝ Ջոնը։ Վերջին տարիներին պոնտիֆիկոսը մասնակցել է ինչպես Հանրապետական, այնպես էլ Դեմոկրատական կուսակցությունների նախնական ընտրություններին, ինչպես նաև քվեարկել 2024 թվականի նախագահական ընտրություններում։
Ակնկալվում է, որ Լևոն XIV-ի քվեաթերթիկում ներառված կլինեն ԱՄՆ Սենատի, Իլինոյսի նահանգապետի, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի, ինչպես նաև տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:
2025 թվականի մայիսին պապ ընտրվելուց հետո Լևոն XIV-ը բազմիցս կոչ է արել քաղաքացիներին առավել ակտիվ մասնակցել հանրային կյանքին։ Նա նաև արտահայտվել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի և Վաշինգտոնի միգրացիոն քաղաքականության խստացման վերաբերյալ՝ հրապարակային տարաձայնությունների մեջ մտնելով նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ:
Պոնտիֆիկոսը վաղուց է հետաքրքրվում հարազատ նահանգի քաղաքականությամբ։ Դեռևս 2011 թվականին, որպես քահանա Ռոբերտ Պրևո, նա անձամբ նամակ էր գրել Իլինոյսի այն ժամանակվա նահանգապետ Փեթ Քուինին՝ շնորհակալություն հայտնելով մահապատժի վերացման համար։
Չնայած այն հանգամանքին, որ Լևոն XIV-ը Վատիկան պետության ղեկավարն է, նա պահպանում է ԱՄՆ քաղաքացիությունը և իրավունք ունի մասնակցելու ամերիկյան ընտրություններին: Չի հստակեցվում՝ նա քվեաթերթիկն անմիջապես Վատիկանի՞ց է ուղարկել, թե՞ օգտվել է այլ եղանակից։
Հասանելի է
Թեմա
ԸնտրություններՔաղաքականություն
Անձ
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
