«Հրազդան ցեմենտ»-ն արդեն քանի տարի իրենց ձեռքում է, թող կառավարեն, հեսա կտեսնեք, թե ինչ կանեն այդ նույն ցեմենտի, կոնյակի գործարանների հետ. Սամվել Կարապետյան

«Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ ծնված չէր»,- այս մասին քիչ առաջ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ազգային բարերար Սամվել Կարապետյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի վերջերս արած հայտարարությունը, թե զրկելու է Սամվել Կարապետյանին բարեգործություն անելու հնարավորությունից:
Կարապետյանը հիշեցրեց՝ բարեգործություն արել է, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ ծնված չէր, կամ 1500 դոլարանոց բիզնես ուներ ու սեղանների տակով վազվզում էր այս ու այն կողմ ու հովանավորներ էր փնտրում:
«Արել եմ, անում եմ և անելու եմ, որովհետև ես դա անում եմ Հայաստանի համար, հայ ժողովրդի համար և ամբողջ հայության համար: Ոչ ոք չի կարող ինձ զրկել այդ ցանկությունից»,- շեշտեց Կարապետյանը:
Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող բիզնեսները խլելու և կառավարիչներ նշանակելու իշխանության որոշումներին, Կարապետյանն ասաց՝ թող մի քիչ կառավարեն: «Մարդիկ չտես գյորմամիշ ժողովուրդ են, ուզում են իրենց կյանքում մի բան կառավարեն, հիմա տալիս ենք, թող կառավարեն: Քարը քարին չեն թողնի, իրենք հնարավորություն ունեին, «Հրազդան ցեմենտ»-ն արդեն քանի տարի իրենց ձեռքում է, թող կառավարեն, հեսա կտեսնեք, թե ինչ կանեն այդ նույն ցեմենտի, կոնյակի գործարանի հետ»,- նկատեց Կարապետյանը:
Աղբյուր՝ Hayastan.news
