Հորմուզի նեղուցը չի կարելի գրավել ոչ թվիթով, ոչ էլ ավիակրով․ Իրանի պատասխանը Թրամփին

Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակելու կամ բացելու որոշումը կարող է կայացնել միայն Թեհրանը։ Այսպես նա արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե Վաշինգտոնը մտադիր է ռազմավարական ջրային ուղին հայտարարել ամերիկյան տարածք, գրում է Mehr.
Թրամփը ելույթ է ունեցել Նյու Յորք նահանգի Գարդեն Սիթիում անցկացված նախընտրական միջոցառման ժամանակ և կողմնակիցներին հայտարարել, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի հաղթանակից հետո շուտով Հորմուզի նեղուցը կհայտարարվի իրենց տարածքը։
Ի պատասխան՝ Ղարիբաբադին X սոցիալական ցանցում գրել է, որ նեղուցը «չի կարելի գրավել ոչ թվիթով, ոչ էլ ավիակրով, ոչ հրամանով, ոչ էլ նախընտրական ճառով»՝ ընդգծելով, որ Իրանը չի վախենում ոչ սպառնալիքներից, ոչ էլ ուժի ցուցադրումից։
Մեկ այլ գրառման մեջ իրանցի դիվանագետը նշել է. «Նեղուցը եղել և մնում է իրանական և կմնա իրանական»։ Նրա խոսքով՝ Թեհրանը կշարունակի ջրային ուղու շրջափակումը այնքան ժամանակ, քանի դեռ Վաշինգտոնը չի ընդունել իր «ռազմավարական և ծանր պարտությունները»։
Աղբյուր՝ Hayastan.news
