Հնագետներն Ալեքսանդրիայում հայտնաբերել են Եգիպտոսի արքա Պտղոմեոս IV-ի ենթադրյալ դամբարանը

Հին քաղաքակրթություններ05:43 | նոյեմբերի 27, 2026Հնագետներն Ալեքսանդրիայում հայտնաբերել են Եգիպտոսի արքա Պտղոմեոս IV-ի ենթադրյալ դամբարանը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ալեքսանդրիայում հնագետները հայտնաբերել են հնագույն կառույցի կրաքարե զանգվածեղ հիմք, որը կարող է կապված լինել Պտղոմեոսների արքայատոհմի դամբարանի հետ, գրում է Ahram Online պորտալը։
Հայտնագործությունն արել են հույն հետազոտողները Շալալաթի այգիների հնագիտական տեղամասում՝ այն տարածքում, որտեղ հնագույն քաղաքի արքայական թաղամասն էր։ Սակայն կառույցի՝ թաղման նպատակով օգտագործված լինելու վարկածը դեռ հաստատման կարիք ունի։

Կալիոպե Լիմնեոս-Պապակոստայի ղեկավարած արշավախումբը հայտնաբերել է պատերով շրջապատված խոշոր շինության քառակուսի հիմք։ Կառույցի տակով նաև դեպի հյուսիս ուղղված թունել է անցնում։
Հնագիտական պեղումների մասին զեկույցի ներկայացումից հետո Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարար Շերիֆ Ֆաթհին կարգադրել է հատուկ գիտական հանձնաժողով ստեղծել՝ գտածոն գնահատելու համար։ Դրա կազմում ընդգրկվել են Ալեքսանդրիայի և Տանտայի համալսարանների՝ Հին Հունաստանի և Հռոմի պատմության ու հնագիտության մասնագետներ։
Տեղազննման արդյունքներով հանձնաժողովը պարզել է, որ հիմքի չափերն ու կառուցվածքը վկայում են այստեղ խոշոր, հնարավոր է՝ բարձր շինության գոյության մասին։ Դրա ճարտարապետական առանձնահատկությունները նաև ենթադրել են տալիս, որ կառույցը հնարավոր էր օգտագործել հուղարկավորությունների համար։

Եթե այս վարկածը հաստատվի, գտածոն կարող է կապված լինել մ.թ.ա. 221–204 թվականներին Եգիպտոսում իշխած Պտղոմեոս IV Փիլոպատորի արքայական դամբարանի հետ։ Այս դամբարանը հիշատակվում է անտիկ գրավոր աղբյուրներում, ներառյալ՝ հին հույն աշխարհագրագետ և պատմիչ Ստրաբոնի՝ Ալեքսանդրիայի նկարագրության մեջ։
Հետազոտողները նշում են, որ հայտնագործությունը կարող է օգնել ճշտել հին Ալեքսանդրիայի հատակագիծը և որոշել դրա արքայական թաղամասի մոնումենտալ կառույցների տեղադրությունը։
Ըստ Եգիպտոսի հնությունների գերագույն խորհրդի գլխավոր քարտուղար Հիշամ էլ Լեյթիի՝ գտածոն նոր հնարավորություններ է բացում Պտղոմեոսների ժամանակաշրջանի արքայական ճարտարապետության ուսումնասիրության համար։
Տեղամասում աշխատանքները շարունակվում են։ Հնագետները պետք է պարզեն շինության ճշգրիտ նշանակությունը, տարիքը և կապը հնագույն քաղաքի մյուս կառույցների հետ։
Առայժմ գիտնականները արքայական դամբարանի մասին վարկածը դիտարկում են որպես նախնական ենթադրություն, այլ ոչ թե հաստատված փաստ։
Հասանելի է
Թեմա
Հին քաղաքակրթություններՀնագիտություն
Տեղադրություն
