ՀՀ-ն թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ հանրապետություն. Փաշինյանը ներկայացրեց Կառավարության ծրագիրը

Ընտրությունների արդյունքներով ի վերջո հաղթել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ինչը նշանակում է, որ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը ՀՀ-ում դարձել է պաշտոնական գաղափարախոսություն: Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 20-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Կառավարության՝ 2026-2031 թվականների ծրագիրը:

«ՀՀ-ը այսպիսով թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ հանրապետություն»,- հայտարարեց նա, ապա թվարկեց տարբերությունները, որոնցով տարբերվում են Երրորդ և Չորրորդ հանրապետությունները:

«Երրորդ հանրապետությունը հիմնադրվել է կոնֆլիկտի, համակարտութան տրամաբանությամբ: Չորրորդ հանրապետությունը ձևավորվում է, ձևավորվել է խաղաղության տրամաբանությամբ, և այստեղ միայն հակամարտության և խաղաղության տրամաբանությունների մեջ չէ խնդիրը, այլ պետության ֆունկցիոնալ նշանակության, թե ինչի համար է պետությունը, ինչ գործնական առաքելություն և գործառույթ ունի պետությունը:

Երրորդ հանարեպտությունը 1990 թվականին իր հռչակումով, ըստ էության, արձանագրել է, որ պետության նպատակը, պայմանական ասած, պատմական արդարության վերականգնումն է: Սրանից բխել են նաև որոշակի գործողություններ: Ըստ էության, այս հայեցակարգից է բխել նաև Ղարաբաղյան շարժումը, և Ղարաբաղյան շարժումը այդ հայեցակարգի գործնական իրագործման ուղղություններից մեկն է եղել»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօրվա Կառավարության ծրագիրն ամբողջությամբ հիմնված է Իրական Հայաստանի գաղափարախոսության և Չորրորդ հանրապետութան տեսլականի վրա, և սա է այն առանցքային գաղափարաբանական փոփոխությունը կամ վերափոխումը, որը տեղի է ունենում Կառավարության ծրագրում:

Ըստ Փաշինյանի՝ 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի, թավշա հեղափոխության օրակարգն օբյեկտիվորեն հնարավոր չի եղել արժանացնել այն ծավալի ուշադրության, ինչ ծավալի ուշադրության, ենթադրաբար, արժանացնում էին 2018-2019 թվականներին:

«Կառավարության ծրագրի հաջորդ կարևոր առանձնահատկությունն այն է, որ խաղաղությունը և այս նոր միջավայրը մեզ հնարավորություն է տալիս լիարժեք կերպով վերադառնալ 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության օրակարգի չիրականացված հատվածին:

Լավ լուրն այն է, որ ճգնաժամային կառավարման ընթացքում մենք երբեք չենք դադարեցրել բարեփոխումների օրակարգի իրականացումը, և ես հիմա ունեմ համոզվածություն, և ընթացիկ պրոցեսները դա ցույց են տալիս, որ ունենք անհրաժեշտ ինստիտուցիոնալ կարողություն, որպեսզի բնականոն ձևով շարունակենք հեղափոխության օրակարգի իրականացումը»,- ասաց նա:

Աղբյուր՝ Hayastan.news