Հայտնաբերվել է 237 մլն տարի առաջ ապրած ամբողջությամբ ծովային երկկենցաղի գոյության առաջին վկայությունը

Երկկենցաղներ04:36 | նոյեմբերի 1, 2026Հայտնաբերվել է 237 մլն տարի առաջ ապրած ամբողջությամբ ծովային երկկենցաղի գոյության առաջին վկայությունը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Հնէաբանները հայտնաբերել են հնագույն երկկենցաղի բրածոներ, որը մոտ 237 մլն տարի առաջ լիովին հարմարվել էր ծովում ապրելուն։ Մոտ 90 սմ երկարությամբ զրահապատ կենդանին բնակվել է ծովի հատակին և, հավանաբար, բերանով ներծծել որսին։ Սա առաջին հայտնի գտածոն է, որը վկայում է բացառապես ծովային միջավայրին հարմարված երկկենցաղի գոյության մասին։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Ecology & Evolution ամսագրում։

Նոր տեսակն անվանվել է Gerrothorax maritimus։ Դեյվիսի Կալիֆոռնիական համալսարանի, Պեկինի համալսարանի և Չինաստանի Գույչժոու նահանգի երկրաբանական թանգարանի հետազոտողներն ուսումնասիրել են Չինաստանի Գույչժոու նահանգում հայտնաբերված երկու գրեթե ամբողջական կմախք։ Ուշ տրիասյան ժամանակաշրջանում՝ մոտ 237 մլն տարի առաջ, այս տարածքը ջրի տակ էր և գտնվում էր ցամաքային խոշոր զանգվածներից հարյուրավոր կիլոմետրեր հեռու։
Բրածոների պահպանվածության աստիճանը գիտնականներին թույլ է տվել վերականգնել կենդանու արտաքին տեսքը և ենթադրել, թե ինչպես է այն իրեն պահել ծովային միջավայրում։ Երկկենցաղն ուներ ոսկրային զրահով պատված տափակ, սկավառակաձև մարմին։ Չափերով և զանգվածով այն կարող էր նման լինել ժամանակակից հսկա սալամանդրի, սակայն նրանից տարբերվում էր ավելի զանգվածեղ և կարճ մարմնակազմությամբ։
Գանգի ձևի և զրահի առանձնահատկությունների հիման վրա հետազոտողները ենթադրել են, որ Gerrothorax maritimus-ը որսում էր դարանից։ Կենդանին կարող էր պառկել ծովի հատակին և ներծծել մոտեցած որսին։ Սնվելու նման եղանակ հանդիպում է ժամանակակից հատակամերձ ձկների, մասնավորապես՝ վոբեգոնգների՝ հատակամերձ կենսակերպ վարող շնաձկների մոտ։

Գտածոն առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ ժամանակակից երկկենցաղները գործնականում հարմարված չեն աղի ջրում ապրելուն։ Նրանց թափանցելի մաշկը մասնակցում է շնչառությանը և ջրի կլանմանը, բայց միաժամանակ կենդանիներին խոցելի է դարձնում աղերի բարձր խտության ազդեցության նկատմամբ։ Նույնիսկ որոշակի աղիություն հանդուրժող տեսակները սովորաբար քաղցրահամ ջրի կարիք ունեն՝ ջրաաղային հավասարակշռությունը վերականգնելու համար։
Գիտնականները ենթադրում են, որ հնագույն երկկենցաղը հաղթահարել է այս սահմանափակումը ոսկրային զրահի և ֆիզիոլոգիական առանձնահատկությունների շնորհիվ։ Նրանց վարկածի համաձայն՝ զրահը նվազեցնում էր մաշկի միջոցով ջրի ներթափանցումը, ուստի կենդանին կարող էր խմել ծովի ջուրը և այն յուրացնել մարսողական համակարգի միջոցով։ Gerrothorax ցեղին բնորոշ խռիկները, ենթադրաբար, օգնում էին հեռացնել աղերի ավելցուկը։ Սակայն այս մեխանիզմները դեռևս գիտական ենթադրություններ են, այլ ոչ թե անմիջականորեն հաստատված փաստեր։
Ծովային կենսակերպի մասին եզրակացությունը հիմնավորվում է մի քանի անկախ վկայություններով։ Կմախքները հայտնաբերվել են ծովային միջավայրում ձևավորված նստվածքներում, իսկ ոսկորների և մատների պահպանվածությունը ցույց է տալիս, որ կենդանիները, հավանաբար, սատկել են իրենց բնակության վայրից ոչ հեռու։ Բացի այդ, երկրաքիմիական վերլուծությունը ցույց է տվել, որ բրածոներում ստրոնցիումի իզոտոպների հարաբերակցությունը համապատասխանում է ուշ տրիասի օվկիանոսին բնորոշ ցուցանիշներին։
Հեղինակների խոսքով՝ գտածոն լրացնում է հնագույն ծովային էկոհամակարգի պատկերը, որում նախկինում ուսումնասիրվում էին հիմնականում ծովային սողուններն ու ձկները, և վկայում է հնագույն երկկենցաղների շրջանում անսովոր էվոլյուցիոն փորձի մասին։
Հասանելի է
Թեմա
ԵրկկենցաղներՀնէաբանությունԳիտություն
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
