Հարձակման ենթարկված թուրքական բեռնանավի տերերը հայց են պատրաստում Ուկրաինայի դեմ

Թուրքական HaberDenizde.com պորտալի փոխանցմամբ՝ «Reyhan Sarı» բեռնատար նավի սեփականատերերը և դրա անձնակազմի 15 անդամները պատրաստում են Ուկրաինայի դեմ դիմում ներկայացնել Հաագայի Միջազգային քրեական դատարան։
Իրենց դիմումում հայցվորները ընդգծում են, որ քաղաքացիական առևտրային նավերը պաշտպանված են միջազգային իրավունքով և չեն կարող համարվել ռազմական թիրախներ։ Նրանք պնդում են, որ «Reyhan Sarı»-ն և դրա կայանատեղին դիտավորյալ թիրախավորվել են, ինչը վկայում է քաղաքացիական անձանց վնաս հասցնելու մտադրության մասին։
Հարձակումը կատարվել է զրահաթափանց կասետային զինամթերք պարունակող պայթուցիկներով։ Հայցվորները կարծում են, որ այս հանգամանքները, միասին վերցրած, կարող են հանցագործություն համարվել մարդկության դեմ։
Հուլիսի 23-ին թուրքական «Reyhan Sarı» բեռնատար նավը, որը ածուխ էր տեղափոխում Ռուսաստանի Թաման նավահանգստից դեպի Թուրքիա, անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակման է ենթարկվել Սև ծովում։ Անձնակազմի մեկ անդամ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել։ Օգոստոսի 7-ին անօդաչու թռչող սարքերը հարձակվել են թուրքական բեռնատար նավի վրա, սակայն զոհեր չեն եղել։
Օգոստոսի 5-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Ռուսաստանին և Ուկրաինային անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկել Սև ծովում նավարկության անվտանգությունն ապահովելու համար։
Աղբյուր՝ 24News.am
