Գերմանիայում կտրուկ աճել է կանանց դեմ հանցագործությունների թիվը․ մեկ տարում սպանվել է 342 կին և աղջիկ

Հանցագործություն19:21 | նոյեմբերի 24, 2026Գերմանիայում կտրուկ աճել է կանանց դեմ հանցագործությունների թիվը․ մեկ տարում սպանվել է 342 կին և աղջիկ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Գերմանիայում 2025 թվականին զգալիորեն ավելացել է կանանց դեմ հանցագործությունների թիվը՝ ինչպես իրական կյանքում, այնպես էլ թվային միջավայրում։ Այս մասին վկայում են Գերմանիայի քրեական ոստիկանության դաշնային գերատեսչության (BKA)՝ երեքշաբթի հրապարակած տվյալները, հաղորդում է dpa գործակալությունը։
Ըստ գերատեսչության վիճակագրության՝ սպանության փորձերի և ավարտված սպանությունների զոհ դարձած կանանց թիվը մեկ տարում 859-ից հասել է 1176-ի։
Ընտանեկան բռնությունից տուժած կանանց թիվն աճել է 2,8%-ով՝ հասնելով 197 667-ի։ Սեռական հանցագործությունների զոհ գրանցված կանանց և աղջիկների թիվն աճել է 2,3%-ով՝ հասնելով 54 675-ի։
Ընդհանուր առմամբ, 2025 թվականին Գերմանիայում սպանվել է 342 կին և աղջիկ։ 209 դեպքում ենթադրյալ մեղավորները եղել են նրանց զուգընկերները կամ ընտանիքի անդամները։ Համեմատության համար՝ 2024 թվականին 308 կին և աղջիկ էր սպանվել։
Հատկապես նկատելիորեն ավելացել է թվային միջավայրում բռնության զոհերի թիվը․ ցուցանիշն աճել է 15,7%-ով՝ հասնելով 31 հազար 221 մարդու։ Մարդկանց թրաֆիքինգից տուժած կանանց թիվն աճել է 17,7%-ով՝ հասնելով 698-ի։
Գերատեսչությունն առանձին հաշվառում է կանանց նկատմամբ ատելության հողի վրա կատարված հանցագործությունները։ 2025 թվականին դրանց թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 46,8%-ով՝ հասնելով 819-ի։ Նման հանցագործությունների կեսից ավելին՝ 51,4%-ը, կազմել են վիրավորանքները։ Եվս 12,6%-ը բաժին է ընկել քարոզչական բնույթի իրավախախտումներին, իսկ 11,4%-ը՝ ատելության հրահրմանը։
Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը հայտարարել է, որ կանանց պաշտպանությունը կառավարության գլխավոր առաջնահերթություններից է։ Նա նշել է, որ իշխանությունները մտադիր են ապահովել իրավախախտների պատասխանատվության անխուսափելիությունը և ուժեղացնել վերահսկողությունը, որպեսզի կանայք կարողանան իրենց անվտանգ զգալ և ազատ տեղաշարժվել։
Գերմանիայում միաժամանակ նախատեսվում է իսպանական մոդելով իրավախախտների տեղաշարժին հետևելու համար նախատեսված էլեկտրոնային ապարանջաններ ներդնել։ Ինչպես պարզաբանել է Դոբրինդտը, նման սարքերը հնարավորություն կտան սահմանափակել բռնարարների տեղաշարժը և բարձրացնել տուժածների անվտանգությունը։
Տվյալները ներկայացվել են ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտի, ընտանիքի հարցերով նախարար Կարինա Պրիենի և արդարադատության նախարար Շտեֆանի Հուբիգի մամուլի ասուլիսում։ Նրանք ներկայացրել են երկու զեկույց՝ ընտանեկան բռնության իրավիճակի և կանանց դեմ գենդերային հողի վրա կատարված հանցագործությունների վերաբերյալ։ Այդ փաստաթղթերում վիճակագրական տվյալների մի մասը համընկնում է։
Հասանելի է
Թեմա
ՀանցագործությունՀասարակությունԲռնությունԿանայք
Տեղադրություն
