Բրիտանիայում սերիական մարդասպանը երկրորդ ցմահ պատիժն է ստացել մոլագարին սպանելու համար

Հանցագործություն19:51 | նոյեմբերի 24, 2026Բրիտանիայում սերիական մարդասպանը երկրորդ ցմահ պատիժն է ստացել մոլագարին սպանելու համար
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Բրիտանացի սերիական մարդասպան Էնթոնի Ռասելը երկրորդ ցմահ ազատազրկման է դատապարտվել՝ առանց ազատ արձակվելու իրավունքի, երբ իրեն մեղավոր է ճանաչել 2002 թվականին Սոհեմում երկու աշակերտուհու սպանության համար դատապարտված Իեն Հանթլիի սպանության մեջ, հաղորդում է PA Media-ն։
Ռասելը նրան սպանել է Դարեմի մերձակայքում գտնվող «Ֆրանկլենդ» խիստ ռեժիմի բանտում։
44-ամյա Ռասելը երկուշաբթի կանգնել է Նյուքասլի դատարանի առաջ։ Նրան մեղադրում էին փետրվարի 26-ին չորս կիլոգրամ կշռող մետաղյա ձողով 52-ամյա Հանթլիի գլխին առնվազն վեց հարված հասցնելու մեջ։ Երեքշաբթի ամբաստանյալը փոխել է իր նախնական դիրքորոշումն ու ընդունել մեղքը։
Ըստ մեղադրանքի՝ սպանությունը նախապես ծրագրված է եղել և կատարվել անձնական թշնամանքի հողի վրա։ Ռասելն ու Հանթլին պահվում էին բանտի նույն մասնաշենքում, իսկ նախորդ ամիսներին նրանց միջև բազմիցս բախումներ էին տեղի ունեցել։ 2025 թվականի մարտին բանտի աշխատակիցներն ականատես էին եղել փոխադարձ սպառնալիքներով ուղեկցվող նրանց վեճին, որից հետո ստիպված էին եղել բաժանել նրանց։
Քննությամբ պարզվել է, որ Ռասելն ընտրել է զենքը, թաքցրել այն և հարձակման հարմար պահի սպասել։ Հանթլին գանգի կոտրվածք և գլխուղեղի արյունազեղում է ստացել։ Նա մահացել է հիվանդանոցում ինը օր անց՝ այդպես էլ գիտակցության չգալով։
Դատավճռի հրապարակումից հետո դատախազությունը հրապարակել է տեսագրություն, որում Ռասելը բղավում է. «Իեն Հանթլին մեռած է» և հայտարարում, որ հպարտանում է իր արածով։ Այլ տեսագրություններում նա պատմում է, որ նախապես ընտրել էր հարձակման պահը։ Ռասելն իր գործողությունները բացատրել է նրանով, որ Հանթլին իրեն ամբարտավան էր պահում, սադրում էր իրեն և փորձում վախեցնել։
«Մեղադրող կողմը պնդում է, որ սա սառնասիրտ սպանություն էր, որը ծրագրվել էր իրագործումից մի քանի շաբաթ առաջ»,- հայտարարել է դատախազ Մեթյու Բինը։
Դատավոր Հիլիարդը վճռել է, որ հանցագործությունը կանխամտածված էր, իսկ այն առանձնապես ծանր է դարձնում այն հանգամանքը, որ Ռասելն արդեն երեք սպանություն էր կատարել։ Դատավորը նրան ցմահ ազատազրկման է դատապարտել՝ առանց ազատ արձակվելու իրավունքի, և ընդգծել, որ դատապարտյալը երբեք չի կարողանա ազատություն ստանալ կամ դիմել պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովին։
Ռասելն արդեն կրում է համանման պատիժ, որը նշանակվել էր 2021 թվականին Քովենթրիում 58-ամյա Ջուլի Ուիլյամսի և նրա 32-ամյա որդու՝ Դեյվիդի, ինչպես նաև 31-ամյա հղի Նիկոլ Մաքգրեգորի սպանությունների համար։ Վերջինիս մարմինը հայտնաբերվել էր Լեմինգթոն Սպայի մերձակա անտառում։ Բացի դրանից, նա բռնաբարել էր Մաքգրեգորին։
Իեն Հանթլին դատապարտվել էր տասնամյա Հոլի Ուելսի և Ջեսիկա Չեփմենի սպանության համար։ Աղջիկներն անհետացել էին 2002 թվականի օգոստոսի 4-ին Սոհեմում ընտանեկան խորովածից հետո, երբ դուրս էին եկել քաղցրավենիք գնելու։ Նա աղջիկների մարմինները թաքցրել էր քաղաքից մոտ 16 կիլոմետր հեռավորության վրա գտնվող խրամատում։ Նրանց հայտնաբերել էին 13 օր անց՝ հարյուրավոր ոստիկանների մասնակցությամբ լայնածավալ որոնումներից հետո։
2003 թվականին Հանթլին դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ պատժի կրման նվազագույն ժամկետը սահմանելով 40 տարի։ Նրա այն ժամանակվա զուգընկերուհի Մաքսին Քարը, որն աղջիկների դպրոցում աշխատում էր որպես ուսուցչի օգնական, նրան կեղծ ալիբի էր ապահովել։ Նա մեղավոր էր ճանաչվել արդարադատությանը խոչընդոտելու մեջ և դատապարտվել 21 ամսվա ազատազրկման։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
ՀանցագործությունՍպանությունԲանտեր
Տեղադրություն
