Գերմանիայի կառավարությունում առաջիկա 15 տարում ԱԲ-ի պատճառով 800 հազար աշխատատեղի վերացում են կանխատեսում

Արհեստական բանականություն20:21 | նոյեմբերի 10, 2026Գերմանիայի կառավարությունում առաջիկա 15 տարում ԱԲ-ի պատճառով 800 հազար աշխատատեղի վերացում են կանխատեսում
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Արհեստական բանականությունն առաջիկա 15 տարում Գերմանիայում կհանգեցնի շուրջ 800 հազար աշխատատեղի վերացման, սակայն միաժամանակ մոտավորապես նույնքան նոր աշխատատեղ կստեղծի։ Նման կանխատեսում է ներկայացրել Գերմանիայի զբաղվածության դաշնային գործակալության ղեկավար Անդրեա Նալեսը Handelsblatt պարբերականին տված հարցազրույցում։
Նրա գնահատմամբ՝ ԱԲ-ի ներդրման հետևանքները տարբեր ոլորտներում միատեսակ չեն լինի։ Աշխատատեղերի կրճատումն առավել մեծ չափով կարող է անդրադառնալ բիզնես ծառայություններ մատուցողների, ինչպես նաև ապահովագրական ընկերությունների և բանկերի վերլուծական ստորաբաժանումների վրա։
Միաժամանակ Նալեսը կողմ է արտահայտվել Գերմանիայում արհեստական բանականության ոլորտում ներդրումների ավելացմանը՝ ընդգծելով, որ նոր տեխնոլոգիաները պետք է ներդնել արտադրողականությունը բարձրացնելու նպատակով, այլ ոչ թե այն պատճառով, որ դրանք նորաձև են դարձել։
Զբաղվածության դաշնային գործակալության ղեկավարը նշել է նաև, որ պարտադիր չէ, որ աշխատատեղերի կորուստն ավելի մեծ չափով անդրադառնա բարձրագույն կրթություն ունեցող աշխատակիցների վրա։ Որպես օրինակ նա բերել է ԱՄՆ-ը, որտեղ մի հետազոտություն բացահայտել է, որ համալսարանների երիտասարդ շրջանավարտները աշխատանք փնտրելիս լուրջ դժվարությունների են բախվում։
Գերմանիայում բուհերի շրջանավարտներին նույնպես ավելի շատ ժամանակ է պահանջվում աշխատաշուկա մուտք գործելու համար, և նրանց ոչ միշտ է հաջողվում ստանալ ցանկալի պաշտոնը։ Սակայն, ինչպես ընդգծել է Նալեսը, նրանց հեռանկարները շարունակում են զգալիորեն ավելի լավը լինել, քան աշխատողների մյուս խմբերինը։
Նրա գնահատմամբ՝ կարևոր դեր է խաղում նաև գերմանական տնտեսության ընդհանուր թուլությունը։ Միևնույն ժամանակ ավտոմատացմանը պակաս ենթակա մասնագիտությունները, մասնավորապես՝ որակավորում պահանջող բանվորական մասնագիտությունները, հարաբերական կայունություն են ցուցաբերում։
Աշխատանքի տեղավորման հնարավորությունները պահպանվում են նաև որակավորում չունեցող կամ միջին մասնագիտական պատրաստվածություն ունեցող աշխատողների համար։ Որոշ դեպքերում, պարզաբանել է Նալեսը, նման աշխատակիցներին արհեստական բանականությամբ փոխարինելը պարզապես տնտեսապես նպատակահարմար չէ։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
Արհեստական բանականությունՏնտեսությունԱշխատաշուկա
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
