Գերմանական բանակի պատմության մեջ առաջին անօդաչու սարքերի գունդը կզինվի ուկրաինական Flamingo հրթիռներով․ Politico

Գերմանական բանակի պատմության մեջ առաջին անօդաչու սարքերի գունդը կզինվի ուկրաինական Flamingo հրթիռներով․ Politico

Պաշտպանություն17:06 | նոյեմբերի 25, 2026Գերմանական բանակի պատմության մեջ առաջին անօդաչու սարքերի գունդը կզինվի ուկրաինական Flamingo հրթիռներով․ Politico
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Գերմանական բանակի պատմության մեջ առաջին անօդաչու սարքերի գունդը կզինվի ուկրաինական Flamingo հրթիռներով․ Politico<!—>

]—>

Գերմանիան որոշել է ստեղծել իր պատմության մեջ անօդաչու թռչող սարքերի առաջին գունդը։ Այն կզինվի հետախուզական անօդաչուներով, ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերով, հակառակորդի դրոնները որսացող կալանիչներով և հեռահար հարվածային համակարգերով։ Deep Strike ստորաբաժանման համար նախատեսվում է ձեռք բերել ուկրաինական Flamingo հրթիռներ։

Այս մասին գրում է Politico-ն՝ վկայակոչելով կառավարական փաստաթղթեր, որոնք մանրամասն ներկայացնում են գնդի ստեղծման ծրագիրը։ Գերմանիայի պաշտպանության գերատեսչությունը հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունը։

«Ուկրաինան դրոնները վերածել է ժամանակակից մարտի դաշտի առանցքային զինատեսակներից մեկի։ Հենց անօդաչու սարքերն են հայտնաբերում զորքերն ու տրանսպորտային միջոցները, գրոհում դրանք, ինչպես նաև հարվածում խոր թիկունքում գտնվող մատակարարման ուղիներին և ավելի ու ավելի հաճախ են կալանում հակառակորդի դրոնները։ Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Ֆյոդորովը պնդում է, որ ուկրաինական զորքերի խոցած թշնամու թիրախների ավելի քան 90 տոկոսը հենց անօդաչու սարքերի հաշվին է։ Գերմանացի ղեկավարներն ավելի ու ավելի հստակ են հայտարարում, որ ցանկանում են յուրացնել այդ դասերը»,- գրում է Politico-ն։

Politico-ն մեջբերում է նաև Գերմանիայի ցամաքային զորքերի ղեկավար Քրիստիան Ֆրոյդինգին։ Նրա խոսքով՝ Գերմանիան ոչ միայն կստեղծի նոր գունդը, այլև դրա կառուցվածքը մշտապես կհարմարեցնի մարտադաշտի իրողություններին։

Պարբերականի վկայակոչած փաստաթղթերի համաձայն՝ Բունդեսվերը 2027 թվականին կձևավորի գնդի կորիզը՝ առնվազն 350 զինծառայողով։ Մինչև 2029 թվականը անձնակազմի թիվը պետք է հասնի 600-ի։

Գունդը կունենա վեց վաշտ՝ մարտական տարբեր խնդիրներով։ Երկուսը կգործեն գերմանական զորքերի տեղակայման վայրերի մոտ։ Առաջինը հետախուզություն կիրականացնի և կհարվածի մոտակա թիրախներին, իսկ երկրորդը զորամիավորումները կպաշտպանի հակառակորդի անօդաչուներից։

Եվս երկու վաշտ հետախուզություն կիրականացնի և կհարվածի հակառակորդի դիրքերի ավելի մեծ խորքում գտնվող թիրախներին։

Հինգերորդ վաշտը՝ Deep Strike-ը («Խորը հարված»), կհայտնաբերի և կոչնչացնի առավել հեռավոր թիրախները։ Այն կստանա ծանր դրոններ և ուկրաինական Flamingo հրթիռներ։

Վեցերորդ վաշտն օպերատիվորեն կփորձարկի նոր տեխնոլոգիաներն ու դրանք կներդնի զորքերում։

Առաջին հինգ վաշտերի համար սկզբնական փուլում կգնեն հազարավոր դրոններ՝ ընդհանուր 150 միլիոն եվրո արժողությամբ։

Բունդեսվերի փաստաթղթերի համաձայն՝ նոր գունդը կհամալրեն գերմանական, ամերիկյան և ուկրաինական զենքով։

Politico-ն ընդգծում է, որ առաջարկվող սպառազինության զգալի մասն արդեն փորձարկվել է Ուկրաինայի մարտադաշտում։ Փաստաթղթերում նշված ինը համակարգերից յոթն արդեն օգտագործում են ուկրաինացի զինվորականները։

Դրանց թվում է ուկրաինական TerMIT ցամաքային ռոբոտացված համալիրը, որը նախատեսվում է զինել ծանր գնդացրով։

Առաջնագծի մոտ գործող զինվորականները կստանան գերմանական Quantum Systems ընկերության Vector հետախուզական անօդաչուն և Perennial-ի Bumblebee հարվածային դրոնը։ Ուկրաինացի զինվորականներն արդեն ակտիվորեն օգտագործում են Vector-ը։

Հակառակորդի անօդաչուներից պաշտպանվելու համար նախատեսվում է կիրառել Perennial-ի Merops կալանիչ դրոնը։ Ընկերությունն այն մշակել է հատուկ Ուկրաինայի համար՝ իրանական «Շահեդներին» և դրանց ռուսական համարժեքներին հակազդելու նպատակով։

Առաջնագծից ավելի հեռու առաջադրանքների համար նախատեսվում է կիրառել ուկրաինական Raybird հետախուզական անօդաչուն և գերմանական Hornet հարվածային դրոնը։

Deep Strike ստորաբաժանման համար կգնեն ուկրաինական Fire Point ընկերության մշակած Flamingo թևավոր հրթիռները։ Բունդեսվերի փաստաթղթերի համաձայն՝ դրանց հեռահարությունը գերազանցում է 2000 կիլոմետրը։ Նույն փաստաթղթերում նշվում է, որ ուկրաինացի զինվորականները դրանք հաջողությամբ կիրառում են Ռուսաստանի խոր թիկունքում գտնվող օբյեկտներին հարվածելու համար։

Հասանելի է

русский

Թեմա

ՊաշտպանությունՌազմական

Օբյեկտ

ԱԹՍ-ներ

Տեղադրություն

ԳերմանիաՈւկրաինա